
Խաչքարը հայ մշակույթի ինքնատիպ զարգացման արգասիքն ու ցուցիչն է, հայ ինքնության ամենաբնութագրական խորհրդանշաններից մեկը: Իր զարմանահրաշ քանդակներով, խաչի փրկագործական խորհրդաբանությամբ և քարի հավերժություն ներշնչող մշտականությամբ այն եղել է հայ ժողովրդի սրբություններից մեկը: Այն պաշտամունքի մասունք է, հուշաքար՝ խորհրդանշող կապ աշխարհիկ և աստվածային կյանքի միջև: Միջինը 2 մետր բարձրությամբ խաչքարերի կենտրոնում փորագրվում է խաչը, ներքևում՝ արև՝ որպես հավերժության խորհրդանիշ։
Հայկական ամենամեծ խաչքարերի հուշահամալիրը գտնվել է Նախիջևանի Ջուղա քաղաքում։ Ջուղայի խաչքարերը մարդկության ստեղծած քանդակագործության գանձարանի մնայուն և անկրկնելի գանձերից ու հուշարձաններից են, որոնք խորապես սերում են հայ ժողովրդի ստեղծած դարավոր արվեստի ակունքներից: Ջուղայի խաչքարերի արվեստը, նրանց ամբողջական սյուժեները հայ ժողովրդի միջնադարյան՝ (հատկապես XV-XVII դդ.) մշակութային կյանքի խոսուն և պատկերավոր վավերագրեր են։ Գեղարվեստական բարձր վարպետությամբ վերարտադրված, քանդակված այս գանձարանը իր նրբարվեստ կատարողականի և անցյալի պատմական իրականության ճշմարտացի վերարտադրության շնորհիվ կարևոր և անփոխարինելի նյութ է ընձեռում ոչ միայն քանդակագործության արվեստի, այլև միջնադարյան Հայաստանի քաղաքային կյանքի ու կենցաղի ուսումնասիրման համար։ Տեղին է նկատել 20-րդ դարի եվրոպացի գիտնականներից մեկը. «Այստեղ կան մի քանի հազար խաչքարեր։ Յուրաքանչյուր խաչքար կարող է դառնալ ամենանշանավոր թանգարանի հազվագյուտ ցուցանմուշ։ Եվրոպայում սիրում են գնահատել թանգարանային ամեն մի ցուցանմուշ։ Բայց Եվրոպայի բոլոր միլիոնատերերը կարող են մտնել Հին Ջուղայի խաչքարերի անտառը և սնանկացած դուրս գալ այդտեղից, համարյա վնաս չհասցնելով այդ անտառին»։