ՀՀ ազգային հերոս, գնդապետ Վահագն Ասատրյանը իր ռազմական ուղին ընտրել էր գիտակցված եւ ողջ կյանքում հավատարիմ մնացել ընտրած գործին: Այդ ընտրության մեջ դեր ուներ քեռին՝ գեներալ Աստվածատուր Պետրոսյանը, որի ռազմական մկրտությամբ է սկսվել հերոսի ուղին: Նրա հորդորով է Վահագնի մայրը` տիկին Սիման համաձայնել որդու մասնագիտական ընտրության հետ:

Կադրային զինվորական Վահագն Ասատրյանը ավարտել է 5 ռազմական բուհ: Նրա զիվորական կրթությունը սկսվել է Մոնթե Մելքոնյանի անվան ռազմական ուսումնարանից 1994 թվականին: 1997 թ-ին՝ ուսումնարանն ավարտելուց հետո սկսվել է Վահագնի  երկարամյա ծառայությունը Հայոց բանակում: Ստանձնելով բազմաթիվ պատասխանատու պաշտոններ տարբեր զորամասերում՝ նա իր ներդրումն է ունեցել բանակաշինության գործում: 2015-2017թթ. նա եղել է Մարշալ Բաղրամյանի անվան զորամասի հրամանատար, Արմավիրի կայազորի պետ, իսկ 2017-2020թթ. ՝ ՀՀ ԶՈՒ հատուկ նշանակության զորամասի հրամանատար: Մասնակցել է 2020թ. 44- օրյա  Արցախյան պատերազմին որպես Հատուկ նշանակության զորքերի հրամանատար: 

Պատերազմի սկսվելու առաջին օրը՝ սեպտեմբերի 27-ին, Վահագն Ասատրյանն իր ղեկավարած ստորաբաժանման հետ միասին մեկնել է Սյունիքի մարզ, որտեղից նույն օրը տեղափոխվել Արցախի Հանրապետության Շահումյանի շրջան։ Հոկտեմբերի առաջին օրերին Վահագն Ասատրյանի մշակած ռազմագործողությամբ ու հրամանատարությամբ նրա ստորաբաժանումը կարողացավ վերագրավել Շահումյանի շրջանի «Շղթաներ» դիրքը։ Վահագն Ասատրյանն իր ղեկավարած ստորաբաժանման հետ Շահումյանի շրջանից տեղափոխվեց Արցախի Հանրապետության Հադրութի շրջանի Ջրականի հատված ու ծանր մարտեր մղեց թշնամու դեմ։

Ըստ նրա օգնական Արթուր Մուսայելյանի հայտնած տեղեկությունների՝ Հադրութի շրջանում (Ջրական, Հադրութ) ընթացող մարտական գործողությունների ժամանակ ադրբեջանական զինված ուժերի ստորաբաժանումները ամբողջ ռազմաճակատով փնտրել են Վահագն Ասատրյանին։ Ռադիոհետախուզական տվյալների համաձայն՝ ադրբեջանական զինված ուժերի ստորաբաժանումներին հրահանգված էր Վահագն Ասատրյանին հայտնաբերելու դեպքում անմիջապես հրթիռակոծել նրա գտնվելու վայրը։

Իր ղեկավարած հատուկ նշանակության ստորաբաժանման հետ Ասատրյանը ծանր մարտեր է մղել Հադրութ քաղաքում և մերձակայքում։

Զոհվել է հոկտեմբերի 12-ին Հադրութ քաղաքի պաշտպանության ժամանակ ադրբեջանական զինված ուժերի կողմից արձակված հրթիռի հարվածից։