Իրանագետ Վարդան Ոսկանյանը գրում է.
«Որևէ կասկած չի կարող լինել առ այն, որ Բաքվի բարբարոսական վարչախումբը Հայաստանի դեմ վարվող հիբրիդային պատերազմում լրջագույն ուշադրություն է դարձնում տեղանունների «խնդրին»։
Այդ «տեղանվանական պատերազմը» միտված է կասկածի տակ դնելու մեր պետության և ազգի կողմից մեր իսկ հայրենիքի անխտիր ողջ տարածքն ինքնիշխանորեն տնօրինելու պատմական և քաղաքական լեգիտիմությունը՝ այդպիսով դուռ բացելով բոլորովին անհայտ և հորինովի «Արևմտյան Ադրբեջանի» քողի ներքո Հայաստանի նկատմամբ բարբարոսսկան ծավալապաշտությունը «հիմնավորելու» համար։
Ամենաակնառու օրինակներից մեկը կից խտապատկերում է, որը Բաքվի քարոզչամեքենայի ռեսուրսներից մեկի անդրադարձն է իմ ֆեյսբուքյան վերջին գրառումներից մեկին։
Դրանում թարգմանաբար ներկայացնելով այդ գրառման բովանդակությունը, անխտիր աղճատվել են Հայաստանի ինքնիշխան տարածքի իմ նշած տեղանուներն՝ ընդհուպ մինչև այն, որ Երասխը դարձել է ինչ-որ բարբարոսական «Արազդայան», Զանգակատունը՝ ինչ-որ «Չանախչի» և այսպես շարունակ։
Սա հստակորեն ապացուցում է, որ Բաքվի բարբարոսական վարչախումբն ուղղակի ցուցում է տվել իր քարոզչամեքենայի բոլոր միավորներին համակարգված գործել հակահայկական «տեղանվանական պատերազմի» ճակատում, ուստի ևս մեկ անգամ պետք է մի կողմ դնել պատրանքները և նաև այս տիրույթում անզուգաչափ հարվածներ հասցնել թշնամուն»։
Արևմտյան Հայաստանի կառավարությունը անդրադառնալով իրանագետ պարոն Վարդան Ոսկանյանի գրառմանը, ցանկանում է հիշեցնել, որ Բաքվի իշխանությունները լկտիաբար շարունակում են իրենց հնչեցրած թեզերը կյանքի կոչել՝ հայկական տեղանունները վերանվանելով խորհրդային քարտեզներում նշված տեղանուններով, դրանով իսկ ցանկանալով ապացուցել, որ այդ տարածքները պատկանում են Բաքվի իշխանություններին: Բաքուն օրինակ է վերցնում Անկարայից:
Մենք գտնում ենք, որ պայքարը պետք է տարվի ոչ միայն տեղեկատվական դաշտում, այլ նաև քաղաքական, ինչպես արվում է Արևմտյան Հայաստանի կողմից: Ցանկացած առիթի դեպքում, ցանկացած հարթակից՝ լինի դա ՄԱԿ-ի ամբիոնը, թե մեկ այլ ամբիոն, մենք չենք դադարում կրկնել բնիկության և բնիկների իրավունքների խախտման մասին: Տեղանունները բնիկությունը հաստատող հենասյուներից են, որով որոշվում է տվյալ տարածքում ապրող ազգի կենսաբանական տարիքը, կապված նրա մշակույթի և գենետիկայի հետ: Ուստի հուսով ենք, որ այսուհետ մեր հարգարժան գիտնական գործընկերները կկենտրոնանան այս խնդիրների առավել խորը լուսաբանման և հիմնավորման վրա և մենք սիրով կօգտվենք նրանց գիտական հիմնավորումներից: