Վաշինգտոնը կոչ է արել Բաքվի իշխանություններին ապահովել Բերձորի ճանապարհով ապրանքների և մարդկանց ազատ տեղաշարժը։ Այս մասին հայտնել է Եվրոպայում Անվտանգության և Համագործակցության Կազմակերպությունում ԱՄՆ դեսպան Մայքլ Քարփենթերը՝ կազմակերպության Մշտական խորհրդի նիստում դիմելով Բաքվի իշխանության ԱԳՆ ղեկավար Ջեյնհուն Բայրամովին։
Նրա խոսքով՝ ԱՄՆ-ն խորապես համոզված է, որ առաջ գնալու միակ ճանապարհը խաղաղությունն է, երկխոսությունն ու Բաքվի իշխանությունների և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորումը՝ միմյանց ինքնիշխանության և տարածքային ամբողջականության փոխադարձ հարգանքի հիման վրա:
«Որպես անվտանգության բարձրացման ելակետ՝ կոչ ենք անում Բաքվի իշխանություններին քայլեր ձեռնարկել Արցախին գազի և էլեկտրաէներգիայի մշտական մատակարարումն ապահովելու, ինչպես նաև ապրանքների և մարդկանց ազատ հոսքն ու տեղաշարժը ապահովելու համար, այդ թվում՝ Բերձորի ճանապարհով։ Այս կապակցությամբ կոչ եմ անում Բաքվի իշխանություններին հավատարիմ մնալ ՄԱԿ-ի Միջազգային դատարանի փետրվարի 22-ի որոշման տառին և ոգուն», — նշել է ԱՄՆ դեսպանը:
Նրա խոսքով՝ Միացյալ Նահանգները շարունակելու է աշխատել Բաքվի իշխանությունների ու Հայաստանի հետ երկկողմ և բազմակողմ մակարդակներում, ինչպես նաև այնպիսի գործընկերների միջոցով, ինչպիսիք են Եվրամիությունը եւ միջազգային կազմակերպությունները, կայուն և արժանապատիվ խաղաղության հասնելու համար:
Արևմտյան Հայաստանի կառավարությունն անդրադառնալով Հաագայի դատարանի որոշմանը՝ ցանկանում է նշել, որ մեր կառավարությունը չի ընդունում այն բոլոր որոշումները, որտեղ Արցախի բնիկ ժողովուրդն ընկալվում է իբրև հայ համայնք կամ ազգային փոքրամասնություն: Ժամանակն է հասկանալու, որ մենք պայքարում ենք ոչ թե կրոնական համայնքի կամ ազգային փոքրամասնության իրավունքների ոտնահարման, այլ Արևմտյան Հայաստանի մաս կազմող բնիկ ժողովրդի իրավունքների դեմ, և իրականացվող ցեղասպանության դեմ, որի անտեսումը վտանգելու է մյուս բոլոր ժողովուրդների կյանքը:Այս պատճառով ցանկանում ենք մեր ամերիկացի գործընկերներին հիշեցնել, որ արցախցին բնիկ է ու իր հողի տերն է և ինքն է տնօրինում իր ապագան: