17-րդ դարի սկզբում Նախիջևանի շրջանը էթնիկ տեսանկյունից Հայաստանի միատարր կազմ ունեցող շրջաններից էր, որի բնակչության ճնշող մեծամասնությունը հայեր էին։ Վերոհիշյալի մասին ուշագրավ տեղեկություններ է հաղորդում 17-րդ դարի եվրոպացի ճանապարհորդ միսիոներ Վիլլոտը։ Սակայն տարածաշրջանի հայերի համար աղետալի հետևանքներ են ունենում 17-րդ դարի թուրք-պարսկական պատերազմները։
Պարսից շահ Աբաս I- ը 1603 թ սկսում է իր արշավանքը։
Նախիջևանի արևելյան սահմաններից մինչև Շիրակ ընկած տարածքը, ռազմական թատերաբեմի էր վերածվել։ Կրոնավոր ճանապարհորդ Անտուան Գուվեայի վկայությամբ՝ ռազմական գործողությունների մեջ ընդգրկված այդ շրջանները խիտ հայկական ազգաբնակչություն ուներ, հաշվվում էին քսանից ավելի քաղաքներ և հազարավոր գյուղեր։ Ռազմական գործողությունների ընթացքում, սթափ դատելով, որ ուժերի քանակական հարաբերությունն իր օգտին չէ, և որ բաց ճակատամարտում թուրքերին դիմադրելն անհնար կլինի, շահ Աբասը նահանջում է՝ որոշելով ամայացնել ու բռնագաղթի ենթարկել թուրքական բանակի առաջխաղացման ճանապարհին ընկած Նախիջևանի քաղաքներն ու գյուղերը։ Այսպիսով՝ Ջուղա քաղաքը, 1605թ․-ին գրեթե ամբողջությամբ հայաթափվում է։ 1812 թվականին անգլիացի դիվանագետ Ուիլյամ Սուզլին Ջուղա այցելության ժամանակ նշել է․ «Ես հետազոտել եմ Ջուղայի ավերակները․ ողջ բնակչությունը միայն 45 հայկական ընտանիք էր, սակայն անցյալ բնակաչության թվաքանակի մասին վկայում է ընդարձակ գերեզմանոցը, որը գտնվում է բլուրի թեք լանջին և իջնում է մինչև գետը իր բազմաթիվ գերեզմանաքարերի հետ, որոնք շատ խիտ են կանգնեցված՝ զինվորական վաշտի նման․ Դա բազմաթիվ սերունդների հիշատակ է, շատ դարերի արդյունք»։