Եթե շրջափակումը շարունակվի, ապա աշնանն ու ձմռանը էներգետիկ լուրջ խնդիր ենք ունենալու: Այս մասին Alpha News-ի եթերում ասել է Արցախի Մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանն՝ անդրադառնալով Արցախում էներգետիկ ճգնաժամին եւ Սարսանգի ջրամբարի դատարկվելուն:  

«Միջազգային հանրությունը սրա մասին տեղեկացված է: Թե՛ ես, թե արցախցի այլ պաշտոնյաներ, երեկ հանդիպում ենք ունեցել միջազգային բարձրաստիճան պաշտոնյայի հետ, որին ներկայացրել ենք Սարսանգի ջրամբարի խնդիրը: Հանդիպումը խորհրդատվական բնույթ ուներ, այլ մանրամասներ չեմ կարող նշել, բայց բոլոր սպառնալիքները, որոնք կան եւ սպասվում են, ներկայացվել են միջազգային հանրության ներկայացուցիչներին, այդ թվում՝ երեկվա մեր հանդիպմանը»,- նշել է Գեղամ Ստեփանյանը:

Անդրադառնալով էկոլոգիական աղետի շուրջ միջազգային հանրության լռությանը, Արցախի ՄԻՊ-ն ասել է. «Շրջափակման 6 ամիսը ցույց է տվել, որ միջազգային հարաբերություններում հայտարարված մարդու իրավունքների եւ ազատությունների պաշտպանության օրակարգը զիջում է պետությունների տնտեսական, քաղաքական շահերի օրակարգին եւ որեւէ կերպ առաջնահերթություն չի համարվում»:

Հիշեցնենք՝ 2022 թ. դեկտեմբերի 12-ից Բաքվի իշխանությունների կողմից Արցախը շրջափակելու հետեւանքով էներգետիկ ճգնաժամ է սկսվել Արցախում, որը մեղմելու համար Սարսանգի ջրամբարի վրա կառուցված ՀԷԿ֊ն աննախադեպ ռեժիմով էր սկսել աշխատել, ինչի հետեւանքով ջրամբարն այսօր գրեթե դատարկվել է: