«Հայկական գինին հնագույն է եւ միեւնույն ժամանակ բոլորովին նոր»,- ասում է վարպետ գինեգործ Քրիստի Քենթերբերին, ով Լոս Անջելեսում մասնակցել է հայկական գինիներին նվիրված GiniFest-ին։
«Այսօր արտադրողները փորձարկումներ են անում եւ վերագտնում, թե ինչպես լավագույնս գինիներ պատրաստել եւ ինչպես տնկել ու մշակել խաղողի այգիները: Հնարավորություններն անսահման են»,- գրում է LA Times ամսագիրը:
Հայտնի գործընկերների օգնությամբ հայ գինեգործներն աշխատել են տերուարի հետ՝ խաղողի ինտենսիվ համը դուրս բերելու համար։ «Հայկական տերուարը կապված է այսօր գինեգործության ամենաթեժ թեմաներից մեկի՝ հրաբխային հողերի եւ զով կլիմայական բարձր լեռնային խաղողի այգիների հետ», — ասում է վկայագրված սոմելյե Իրինա Պոնոմարենկոն: Այս պայմաններն իդեալական են Արագածոտնի, Տավուշի, Արմավիրի, Արարատի, Վայոց Ձորի, Սյունիքի եւ Արցախի գինեգործական վայրերում աճեցված խաղողի համար եւ մասամբ տարբերվում են Ֆրանսիայում, Իտալիայում կամ Գերմանիայում արտադրված հին աշխարհի գինիներից։
Արենին, Ոսկեհատը եւ Սիրենին Հայաստանում աճեցվող գինեգործական խաղողի ամենատարածված տեսակներն են եւ 4000-ից 6000 տարեկան են: «Հայկական գինին մեզ ցույց է տալիս խաղողը, որը չկա աշխարհի ոչ մի այլ վայրում, խաղող, որը յուրահատուկ հայկական է», — ասել է Քենթերբերին:
Ի պատիվ հայկական գինեգործական ավանդույթների՝ ամեն տարի գինեգործները Հայաստանից մեկնում են Լոս Անջելես՝ ցուցադրելու իրենց գինիները GiniFest-ում: GiniFest-ը հայկական գինիները ներկայացրել է ԱՄՆ ողջ տարածքում: