Ռոբերտ Ալեքսանդրի Աբաջյանը ծնվել է 1996 թվականին։ Արցախի Հանրապետության պետական սահմանը պաշտպանելիս ցուցաբերած բացառիկ քաջության ու արիության համար ԼՂՀ ՊԲ N զորամասի չորրորդ հրաձգային վաշտի երկրորդ հրաձգային դասակի ջոկի հրամանատար, կրտսեր սերժանտ Ռոբերտ Աբաջյանը հետմահու պարգեւատրվեց «Արցախի հերոս» ԼՂՀ բարձրագույն կոչմամբ ու «Ոսկե արծիվ» շքանշանով: 15 ամիս բանակում ծառայած 19-ամյա Ռոբերտ Աբաջյանն առաջինն է, ով, կրտսեր սերժանտ լինելով, բարձրագույն կոչման է արժանանում: Արցախի հյուսիսարեւելյան ուղղությամբ տեղակայված հենակետի մոտից թշնամու զինուժի մեծաթիվ զորքը երկու անգամ փորձեց ներթափանցել ու գրավել այն դիրքը, որտեղ գտնվում էր Ռոբերտ Աբաջյանը: Նույն դիրքի անձնակազմից էին նաեւ վաշտի հրամանատար, կապիտան Արմենակ Ուրֆանյանը, գնդացրորդներ Քյարամ Սլոյանն ու Անդրանիկ Զոհրաբյանը: Երկու ժամ շարունակ նրանք համառ մարտ վարեցին թշնամու գերակայող ուժի հետ` մինչեւ վերջին շունչն ու փամփուշտը կռվեցին հանուն մի կտոր հողի` մնալով հավերժ հերոսներ, ովքեր իրենց կյանքի գնով թշնամու առաջ փակեցին Մարտակերտի դուռն ու նրան թույլ չտվեցին մոտենալ Սեյսուլանին:
Հակառակորդը սկսեց հրետակոծել նրանց դիրքը, հետո այն գրոհելու եկան տանկերն ու շուրջ երեք հարյուր հոգուց բաղկացած խմբերը: Վաշտի հրամանատարն ու իր վեց մարտիկներն անցան շրջանաձեւ պաշտպանության: Յոթ հոգանաց անձնակազմին հաջողվեց երկու անգամ հետ շպրտել ու չթողել թշնամու մեծաթիվ զորքին մոտ գալ դիրքին: Այդ ընթացքում նրանք հասցրեցին խոցել թշնամու մեկ տանկ: Հանդիպելով նման դիմադրության` հակառակորդը հետ քաշեց իր ուժերը ու կրկին սկսեց հրետակոծության ենթարկել դիրքը: Արկերից մեկի պայթյունից զոհվեցին կապիտան Արմենակ Ուրֆանյանն ու գնդացրորդ Քյարամ Սլոյանը: Մինչ այդ կապիտանը, տեսնելով հակառակորդի ուժերի հիսունից ավել անգամ գերակայությունը, հրամայել էր անձնակազմին նահանջել թիկունք, նրանից երեքին հաջողվել էր հետ քաշվել ու սպասել թիկունքից եկող խմբին:
Ընկերները պատմում են, որ բանակային կյանքից, չնայած կարգապահական բարդություններին, հաճույք էր ստանում, հպարտանում իր զինվորական համազգեստով ու անգամ արձակուրդ գալուց այն հագից չէր հանում, որ բոլորը տեսնեն` «մոնումենտցի Կյաժը», ում հայրն էր այդ մականունով կնքել, զինվոր է` Հայրենիքի զինվոր:
Հիմա Կյաժը նոր` բարձրագույն կոչում ունի` Արցախի հերոսի կոչումը, որով նրա գործն ու անունը լրացրեցին պատմության մի նոր էջ` սերունդների համար դառնալով նորօրյա հերոսի վառ օրինակ, ով իր կյանքը տվեց հանուն մայր հողի…