Զարգացած միջնադարի հայկական նշանավոր վանքերից մեկը՝ Խորակերտը, որը կառուցվել է 12-13-րդ դարերում, մոտ 20 և ավելի տարի առաջ իրականացված սահմանազատման արդյունքում մնացել է Հայաստանի Հանրապետության սահմանից դուրս և այժմ գտնվում է վրաց սահմանապահների հսկողության ներքո։

Պետք է նշել, որ վանքն իր ճարտարապետական տեսակով և եկեղեցական կանոնադրությամբ միշտ պատկանել է Հայկական Առաքելական Եկեղեցուն և ոչ մի ընդհանրություն չունի վրաց եկեղեցու և ճարտարապետության հետ։

Պետք է նաև նշել, որ սահմանազատման արդյունքում վրացական կողմում են մնացել նաև 5 հայաբնակ գյուղեր՝ Չանախչին, Օփրեթը, Խոխմելը, Խոժոռնին ու Ախքյորփին։

2007 թվականին սահմանի վերջնական փակման արդյունքում հայկական Ջիլիզա գյուղի բնակիչները զրկվեցին դարերով իրենց պատկանող Խորակերտի վանքից և հարևան վերոնշյալ 5 հայկական գյուղեր ազատ ելումուտի հնարավորությունից։ Վանք հասնելու համար գյուղացիները ստիպված պետք է Բագրատաշենի սահմանային անցակետով անցնեն, այն դեպքում, երբ վանքն իրենց գյուղից գտնվում է 10-15 րոպե հեռավորության վրա։

Խորակերտի վանքը գտնվում է Լոռու մարզի Ջիլիզա գյուղում՝ Լալվար լեռան արևմտյան փեշերին։ Խորակերտի վանքի շրջակայքի հնագույն շինությունների հետքերը թույլ են տալիս ենթադրել, որ այդտեղ է եղել Խորակերտ կամ Խոռակերտ քաղաքը, որի հիմնադրումը Վարդան պատմիչը վերագրում է Հայկի որդի Խոռին։

Քաղաքը 9-րդ դարի Սմբատ Բ թագավորի հրամանով ժառանգել է Աշոտ Գ. Ողորմածի որդի Գուրգենը։ Երբեմնի պարսպապատ համալիրից պահպանվել են միջնադարյան եկեղեցին, կիսավեր գավիթը, մատուռների, սեղանատան ավերակները, քանդակազարդ գերեզմանաքարերը։

Ըստ եկեղեցու արևմտյան ճակատի արձանագրության, վանքը և գավիթը կառուցվել են 1251 թվականին: