Ժամանակակից հայերենն ունի 39 տառ: 

XII դարի վերջերին հայերենի այբուբենը համալրվել է օ և ֆ, XX դարում՝ և տառերով: 

Միջնադարում հայոց գրերը նաև նկարազարդել են ծաղկողները (նկարիչներ): 

Զանազան խորհրդանշական պատկերներով ծաղկած հայոց գրերը դարձել են գեղեցիկի և իմաստավորի կրողներ ու արտահայտիչներ:

Հայկական գիրը հնչյունական-տառային գրատեսակ է և իր կազմով՝ ամբողջական: Կազմված է մեկ հնչյունին՝ մեկ տառ, մեկ տառին՝ մեկ հնչյուն սկզբունքով: Չնայած որոշ փոփոխությունների՝ հայկական գիրը ցայսօր պահպանել է նշված սկզբունքը: 

Տառերի համակարգումով, դրանց կառուցվածքով, դասավորությամբ այն ինքնատիպ է, անմիջականորեն չի պատճենում օտար որևէ համակարգի. այս տեսակետից ևս այն աշխարհի հազվագյուտ տառատեսակներից է: Ինքնատիպությունը երևում է տառերի թվային արժեքների մեջ (տառերը դասավորված են 4 շարքով՝ միավորներ, տասնավորներ, հարյուրավորներ, հազարավորներ): Գործածության մեջ լինելով ավելի քան 1600 տարի՝ հայոց այբուբենը չնչին փոփոխություն է կրել:

Հայկական գիրն աշխարհի ամենակատարյալ ու կենսունակ գրերից  է. օգտագործվում է և՜ Արևմտյան և Արևելյան Հայաստաններում,, և՜ Արցախում, Ջավախքում, հայկական գաղթավայրերում, մշակութային և հայագիտական տարբեր կենտրոններում: 

Հայոց մեսրոպյան գրերով ստեղծվել է հարուստ գրականություն: Այն հին, միջին ու նոր քաղաքակրթությունների գիր է և արժեքավոր ավանդ ունի համաշխարհային մշակույթի գանձարանում: