Արցախի Հանրապետության Մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը տեղեկացնում է, որ ադրբեջանական կողմը Գորիս֊Ստեփանակերտ մայրուղու (Բերձորի ճանապարհ) Հակարիի կամրջի վրա ապօրինի տեղադրված անցակետում դիտավորյալ խոչընդոտում է Հայաստանի Հանրապետության հաշվառում ունեցող քաղաքացիների մուտքը դեպի Արցախի Հանրապետություն:
«Տվյալ անձինք շրջափակման պայմաններում մեկնել էին Հայաստանի Հանրապետություն բուժման նպատակով, և այժմ, առողջական խնդիրների լուծումից հետո, չեն կարողանում վերադառնալ իրենց տներ: Ուշագրավ է, որ ադրբեջանական կողմը թույլատրել է նրանց ելքն Արցախից՝ կամայական ու ապօրինի կերպով արգելելով մուտքը:Բաքվի իշխանության կողմից ցուցաբերված ոտնձգությունների հետևանքով խախտվել են այդ անձանց ոչ միայն ազատ տեղաշարժվելու, այլև ընտանիքի հետ վերամիավորվելու իրավունքները: Մարդու իրավունքների պաշտպանը ընդգծում է, որ ապրիլի 23-ից Բաքվի կողմից Բերձորի ճանապարհին՝ Հակարի կամրջի վրա ապօրինի կերպով տեղադրված անցակետը և այդ ճանապարհով անձանց, մեքենաների ու բեռների ազատ տեղաշարժը խոչընդոտող այլ միջոցները խախտում են ոչ միայն մարդու իրավունքների միջազգային հանրահայտ նորմերը, այլև՝ 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության դրույթները, մասնավորապես՝ 6-րդ կետը, որով նախատեսվում է անձանց, մեքենաների և բեռների անվտանգ ու անխափան տեղաշարժը Բերձորի ճանապարհով։ Արձանագրվող դեպքերը ևս մեկ անգամ ապացուցում են Բաքվի իշխանության պետական քարոզչության սնանկությունը և Բաքվի կողմից Արցախի ժողովրդի դեմ համակարգային և հետևողականորեն իրականացվող էթնիկ զտման քաղաքականությունը»,- ասված է հաղորդագրության մեջ։ Արևմտյան Հայաստանի կառվարությունը ամեն առիթով հիշեցնում է Թուրքական և Բաքվի իշխանությունների ցեղասպան և էթնիկ զտման քաղաքականությունը, որը դարավոր պատմություն ունի և հենց Թուրքիայի կողմից հայերի դեմ իրականացված ցեղասպանությունից հետո է, որ Ռաֆայել Լեմկինի երկարատև ջանքերի հետևանքով 1951թվականին միջազգային իրավունքի մեջ մտավ Ցեղասպանություն տերմինը: Կոչ ենք անում պետություններին ու միջազգային կազմակերպություններին միավորել իրենց ջանքերը վերը նշված պետությունների դեմ տարվող քաղաքականության հարցում:
Պետք է միշտ հիշել , որ ցեղասպանությունն ու էթնիկ զտումը դատապարտելի հանցագործություն են, որոնց անպատժելիությունը ծնելու է նորանոր հանցագործություններ ցեղասպան իշխանությունների կողմից: