Բերձորի ճանապարհին անցակետ տեղադրելու  Բաքվի միակողմանի որոշումը իսկապես հակասում է կողմերի միջև վստահության ամրապնդմանն ուղղված ջանքերին։ Հայաստան-Բաքվի իշխանություններ հարաբերությունների և Բերձորի ճանապարհին տիրող իրավիճակի մասին Եվրախորհրդարանի լսումներում նման հայտարարություն է արել ԵՄ արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով բարձր հանձնակատար Ջոզեպ Բորելը՝ նշելով, որ այդ տարածքը դուրս է մնում ԵՄ առաքելության պատասխանատվության գոտուց: «Բայց մենք այս պահին փորձում ենք ինչ-որ լուծում գտնել կոնկրետ այս հարցին. մի՛ ասեք, որ ոչինչ չենք անում։ Ընդամենը մի քանի օր առաջ կարևոր հանդիպում է եղել Ֆրանսիայի նախագահի, Գերմանիայի կանցլերի, Մոլդովայում ԵՄ խորհրդի նախագահի հետ։ Հուլիսին Բրյուսելում ևս մեկ հանդիպում կլինի։ Այլ կերպ ասած՝ մենք անում ենք այն ամենը, ինչ կարող ենք անել դիվանագիտական ճակատում»,- ասել է Բորելը։

Անդրադառնալով Բերձորի ճանապարհի սկզբնամասում տեղադրված անցակետին՝ Բորելն ասել է, որ բոլոր ճնշումները գործադրվել են Միավորված ազգերի կազմակերպության խողովակով, որպեսզի շրջափակում չլինի, և մարդիկ ու ապրանքները կարողանան մուտք գործել Արցախ և դուրս գալ այնտեղից: «ԵՄ առաքելությունը չի կարող վերջ դնել այս անցակետին։ Մենք պարզապես հնարավորություն չունենք: Դա զինված առաքելություն չէ: Առաքելությունը խաղաղ գործընթացի մի մասն է, բայց այն չի փոխարինում դրան։ Միակ լուծումը լինելու է դիվանագիտական: Իսկ եթե լուծում լինի, դա կլինի այն բանակցությունների շրջանակում, որոնք այժմ ընթանում են»,- հայտարարել է հանձնակատարը։

Արևմտյան Հայաստանի կառավարությունը բազմիցս անդրադարձել է Եվրախորհրդարանի հռչակագրերին, որը 1987 թվականի հռչակագրից ի վեր մասամբ պատասխանատու է այն ամենի համար, ինչ այսօր կատարվում է հայկական տարածքներում։

Մենք կրկին կոչ ենք անում միջազգային կազմակերպություններին և ՄԱԿ-ի կառույցներին հավատարիմ մնալ ՄԱԿ-ի կանոնադրության սկզբունքին, մարդու հիմնարար իրավունքներին և ցուցաբերել ավելի վճռական քաղաքականություն։ Արցախը և Արցախի ժողովուրդը պայքարում են համայն մարդկության, հատկապես բնիկ ժողովուրդների իրավունքների համար։