Հակարիի կամրջի մոտ Բաքվի սադրանքից հետո Բերձորի ճանապարհով բոլոր հումանիտար ուղևորափոխադրումներն ու բեռնափոխադրումները արգելվել են Բաքվի իշխանությունների կողմից:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է Արցախի տեղեկատվական շտաբը։
«Մասնավորապես, Կարմիր խաչի միջազգային կոմիտեի կողմից 25 բուժառու և նրանց հարազատներն էին տեղափոխվում Արցախից Հայաստան, սակայն Բերձորի ճանապարհին գործող Բաքվի ապօրինի անցակետում արգելվել է մեքենաների հետագա տեղաշարժը՝ նրանց ստիպելով վերադառնալ Ստեփանակերտ:
Չեղարկվել է Ստեփանակերտ-Գորիս-Ստեփանակերտ երթուղով տասնյակ անձանց ուղևորափոխադրումը հումանիտար հրատապ կարիքներից ելնելով, որը պետք է տեղի ունենար ռուս խաղաղապահների կողմից:
Կասեցվել է նաև հումանիտար բեռնափոխադրման նպատակով Գորիս մեկնող ռուս խաղաղապահների բեռնատարների շարժը:
Արցախի Հանրապետության իշխանությունները հերթական անգամ արձանագրում են, որ Բերձորի ճանապարհին տեղադրված Բաքվի ապօրինի անցակետն ինքնին մեծագույն վտանգ ու խոչընդոտ է Արցախի և Հայաստանի միջև ազատ տեղաշարժի ապահովման հարցում: Այս միջադեպը վերստին հաստատում է այդ վտանգների ու խոչընդոտների առկայությունը՝ լրացուցիչ կերպով սպառնալիքի տակ դնելով Արցախի ժողովրդի սուր հումանիտար կարիքների համար նույնիսկ Կարմիր խաչի և ռուս խաղաղապահների կողմից մարդկանց ու բեռների խիստ սահմանափակ տեղաշարժը:
Արցախի իշխանությունները վերահաստատում են իրենց դիրքորոշումը, որ անհապաղ ու անվերապահ կերպով պետք է ապահովվի 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ նախատեսված Բերձորի ճանապարհի ռեժիմը առանց Բաքվի իշխանությունների որևէ միջամտության և պետք է կատարվի ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանի 2023թ. փետրվարի 22-ի որոշումն այդ հարցի վերաբերյալ»,- ասված է հաղորդագրության