Զարդերն անցյալում հայերի համար ունեցել են իրենց պահպանելու, աուրան մաքրելու խորհուրդ: Հին Հայաստանում յուրաքանչյուր հայ կրել է այնպիսի զարդ, որը համապատասխան է եղել իր տարիքին: Այն կարծիքը, թե Հին Հայաստանում չամուսնացած աղջիկն իրավունք չուներ զարդեր կրելու,շատ ազգագրագետներ չեն կիսում: Եղել են շրջաններ, օրինակ՝ Ջավախքում, որտեղ չամուսնացած` 12-13 տարեկան աղջկան ոտքից գլուխ զարդեր են հագցրել: Այսօր, ըստ ազգագրագետ Մայա Սահակյանի ՝ հայկական զարդեր կրողների մեծ մասը չգիտի դրանց նշանակությունը. «Ամեն ինչ այսօր դարձել է վերացական: Գաղափարին քիչ է ուշադրություն դարձվում։

Այսօր քչերը գիտեն, որ ամեն մի նախշ, պատկեր, զարդի տեսակ ավանդական մշակույթում գեղագիտական նշանակությունից բացի խորհրդապաշտական մի շարք կարևոր գործառույթներ է կատարել:

Զարդը իբրև ավանդական մշակույթի տարր արտահայտել է կրողի աշխարհայացքը, սոցիալ-ընտանեկան, սեռատարիքային կարգավիճակը, այս կամ այն իրադրությունը (առօրյա, տոն, ծես), ինչպես նաև մոգական նշանակություն է ունեցել: Ինչպես նշեցինք, ավանդական կենցաղում զարդն ունեցել է սոցիալ-ընտանեկան ցուցիչի դեր: Օրինակ` չամուսնացած աղջիկը իրավունք չուներ արծաթե, ոսկե գոտի, աջ ձեռքին ոսկյա մատանի կրել: Հայտնի է, որ խոր հնադարում զարդարվել են նաև տղամարդիկ, քանզի գեղագիտական դերից բացի, զարդերն ունեցել են պաշտպանական, հմայական խնդիրներ: Տղամարդու երբեմնի հարուստ զարդարանքից ` ուլունքաշար, գլխազարդեր, ճակատակալ, ապարանջաններ, բազպաններ, մատանիներ, գոտի, ավանդական կենցաղում կիրառվում էին միայն վերջին երկուսը: Ըստ որում, արծաթե գոտին դիտվում էր որպես տղամարդկության խորհրդանիշ, իսկ ոսկյան` ունևորության ցուցիչ:Կանայք կրելով ոտքի և ձեռքի ապարանջաններ, օձակերպ մատանիներ, շերեփուկաձև, կիսալուսնաձև, եռանկյունաձև, նշաձև կախիկներով մանյակներ և ականջօղեր նպատակ են ունեցել զերծ մնալ վնասաբեր ազդեցությունից, մյուս կողմից դառնալ ավելի հմայիչ և գեղեցիկ: