2020թ. սեպտեմբերի 27-ի չարաբաստիկ պատերազմի առաջին իսկ օրերից պատերազմի ողջ դաժանությունը զգացել են Սամվել եւ Նարեկ եղբայրները. 2 եղբայրներ՝ բնավորությանբ տարբեր, ճակատագրով՝ նույնը: Երկու եղբայրները կռվել եւ իրենց կյանքն են զոհաբերել Արցախի փրկության համար:

Սամվել Ղազարյանն արժանացել է  Արցախի հերոսի կոչման եւ պարգեւատրվել «Ոսկե արծիվ» շքանշանով, իսկ Նարեկ Ղազարյանը պարգեւատրվել է «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանով եւ «Մարտական ծառայություն» մեդալով:

Սամվել Գեղամի Ղազարյանը ծնվել է Էջմիածնում, 2000թ.  դեկտեմբերի 23-ին, իսկ Նարեկ Գեղամի Ղազարյանը՝ 2002թ. փետրվարի 13-ին: Սամվելը եւ Նարեկը Գեղամ եւ Նուշիկ ամուսինների միակ զավակներն էին։ Սամվելը 6.5, իսկ Նարեկը 7 տարեկանից  հաճախել   է Վաղարշապատի Մովսես Խորենացու անվան հ.10  դպրոցը:Ղազարյան եղբայրները կյանքով լեցուն էին, կենսախինդ, նպատակասլաց: Սամվել եւ Նարեկ եղբայրներն արդեն որոշել էին իրենց ապագան եւ շատ նպատակներ ունեին: Նարեկը երազում էր հայտնի խոհարար դառնալ, ուզում էր Իսպանիա գնալ: Ընդունվել էր Հայ-ֆրանսիական քոլեջ, սակայն դպրոցի հետ համատեղել չէր ստացվում, ուստի որոշել էր բանակից հետո շարունակել: Իսկ Սամվելը երաժշտության հետ էր կապել իր ապագան. դհոլ էր նվագում։ Տղաների մեծ երազանքի ճանապարհին, սակայն, նախ հայրենիքի հանդեպ պարտքը պետք էր կատարել: Տղաները բանակ պետք է զորակոչվեին: Առաջինը Սամվելը մեկնեց ծառայության՝ Արցախ, հետո Նարեկը՝ շուրջ մեկ տարի անց:

Մոր խոսքով, երբ որ եղբայրները հանդիպել էին Հադրութում, Սամվելը ջղայնացել էր շատ ու պահանջել էր հրամանատարներից, որ Նարեկին առաջնագիծ չուղարկեն, որ 2 եղբայր մի տեղ չպետք է լինեն, եթե պետք է՝ ինքը կկռվի, կզոհվի, բայց եղբայրը պետք է հասնի ծնողներին:

«Բոլորն էլ լսել են տղայիս խոսքերը: Անգամ ասում են, որ Սամվելը զենք էր հանել: Նրան խոստացել էին եղբորն ուղարկել, սակայն խոստումը ոչ միայն չեն կատարել, այլեւ հետ են ուղարկել դեպի մսաղաց՝ ահաբեկիչների մոտ՝ շատ լավ իմանալով, թե ուր են ուղարկում»,- նշում է տղաների մայրը:

Նարեկը վիրավորվում է  եւ 12 ժամ հետո մահանում: Սամվելը հատուկ առաջադրանք է կատարում, որտեղ էլ զոհվում է ԱԹՍ-ի հարվածից՝ հոկտեմբերի 12-ին, եղբոր մահվանից 10 ժամ տարբերությամբ:

Սամվելի մարմինը երկար ժամանակ ծնողները չէին կարողանում գտնել:

Որդիների գերեզմանները կառուցել է հայրը իր իսկ ձեռքերով, իսկ Էջմիածնի Զվարթնոց թաղամասի այն բակում, որտեղ նրանք իրենց մանկությունն են անցկացրել, հերոս եղբայրների հիշատակը հավերժացնող հուշակոթող է բացել  նրանց հայրը՝ Գեղամ Ղազարյանը: