— 12 / Մայիս / 2015

Հայաթափվող Ջավախքում այսօր արդեն թուրքերն ու ադրբեջանցիներն են տնավորվում

 

Օրերս պատգամավորական խումբ էր այցելել Ջավախք՝ նշելու Ասպինձայի շրջանում գտնվող Դամալա գյուղի օրը: Եղավ միջոցառում, երգեցին, պարեցին, շնորհավորեցին, կերուխում կազմակերպեցին ու ճառեր ասացին, հարեւան ու բարեկամ Վրաստանի տարբեր պաշտոնյաների ներկայությամբ խմեցին Հայաստանի ու Վրաստանի բարեկամության կենացը:

Բոլշեւիկների թեթեւ ձեռքով Վրաստանի վարչական տարածքում հայտնված հայկական կամ հայաբնակ Ջավախքում, սակայն, նման առիթներին ուրախ դեմքերով ասվող կենացների տակ հաճախ հեռվից եկող պատմամշակութային թախիծ եւ քաղաքական ենթատեքստեր են լինում: Ջավախքն այսօր բավականին, նույնիսկ կարելի է ասել՝ տագնապալի բարդ ու դժվարին ժամանակներ է ապրում: Հայաբնակ այդ տարածքը տարեցտարի հայաթափվում է: Սա գիտակցում են նաեւ հայաստանցի, բայց հինականում ջավախահայ այն պաշտոնյաներն ու պատգամավորները, ովքեր տարբեր մասնավոր առիթներով երբեմն այցելում են Ջավախք ու տեղում ծանոթանում իրավիճակին, տեղի հայերի կենցաղին ու խնդիրներին: Հեռվից ամեն ինչ այլ կերպ է երեւում, ու որքան էլ պատմեն խնդիրների մասին, դա այստեղ՝ Հայաստանում ապրողներիս այն ցավը չի տալիս, ինչ այդ ամենը սեփական աչքով տեսնողներին: Մայիսի 1-ին արդեն յոթերորդ տարին իր տոնը նշող Դամալան այն քիչ գյուղերից է, որտեղ արտագաղթն ու հայաթափումն այն խորության չեն հասել, ինչ մյուս հայաբնակ գյուղերում: Գյուղեր կան, որոնք 80-90 տոկոսով հայաթափվել են: Ախալցխայի շրջանում պատկերն առավել քան անմխիթար է. երբեմնի հայաբնակ այդ տարածքում այսօր բնակչության մեծ մասը վրացիներ ու այլազգիներ են: Այդ է պատճառը, որ այսօր մի շարք ջավախքցի գործարարներ ակտիվորեն սկսել են աշխատել Ջավախքում հայաթափումը եւ, առհասարակ, ջավախքյան կյանքում նկատվող խորը եւ բազմասպեկտոր ռեգրեսը նախ կանխելու, հետո էլ որոշակի զարգացում ապահովելու նպատակով:

Նման նախաձեռնությամբ վերջին շրջանում հատկապես հանդես է գալիս «Ջավախքին աջակցություն հիմնադրամը» (ՋԱՀ), որը նախեւառաջ խնդիր է դրել ներդրումային ծրագրեր իրականացնել Ջավախքում, ինչպես նաեւ խթանել ծնելիությունը՝ ամեն երրորդ երեխայի լույս աշխարհ գալը նշանավորելով այդ ընտանիքին հատկացված խոշոր պարգեւավճարով: Ներդրումների իրականացման համար հիմնադրամը համագործակցում է վրացական իշխանությունների հետ՝ նրանց է ներկայացրել մոտ 10 կետից բաղկացած ծրագիր: Արտերկրում գործունեություն ծավալող ջավախքցի մի շարք գործարարներ համաձայնել են իրենց միջոցները ներդնել հայրենի գյուղերում՝ տարբեր արտադրամասեր կառուցելով, որպեսզի ջավախքցին մնա իր հողում՝ իր հացն այնտեղ վաստակի, չմեկնի «խոպան», որը հիմնականում Ռուսաստանն ու Ղազախստանն են: Իսկ Ռուսաստան մեկնելու համար, ինչպես գիտենք, ջավախահայերը մեծ զրկանքների ու դժվարությունների միջով են անցնում՝ ստիպված լինելով գրանցվել Հայաստանում, որ հայկական անձնագրով կարողանան մեկնել ՌԴ: Բայց Ջավախքի խնդիրներն այդքան էլ հեշտ ու պարզ չեն, որքան կարող է թվալ: Թե որքանով կհաջողվի ՋԱՀ-ին կամ Ջավախքով մտահոգ այլ կառույցների ու անհատների օգտակար մի բան անել Ջավախքի համար, ցույց կտա ժամանակը: Հիմա խոսենք այն խնդիրների մասին, որոնք առկա է հայաբնակ այդ տարածաշրջանում, եւ ինչին ականատես եղանք՝ մի քանի օր գտնվելով այնտեղ:

Ամենացավալի եւ տագնապալի խնդիրն արտագաղթն է, որը, բացի հայաթափումից, իր հետ նաեւ մեկ այլ ցավոտ հետեւանք է առաջացնում: Հայաթափվող այդ տարածքում ոչ թե բարեկամ վրացիներ, այլ հակառակորդ (խուսափենք «թշնամի» բառից) թուրքեր ու ադրբեջանցիներ են գալիս, ներդրումներ անում ու տնավորվում: Սա ամենամտահոգիչն է մեզ՝ հայերիս համար, ոչ պակաս մտահոգիչ պետք է լինի նաեւ վրացիների համար, սակայն վրացական իշխանությունները կարծես թե առայժմ չեն գիտակցում այդ վտանգը: Ասվածի ամենաակնառու վկայությունն Ախալքալաք-Կարս երկաթուղին է, որ կառուցվում է Թուրքիայի եւ Ադրբեջանի փողերով: Նինոծմինդայից Ախալքալաք տանող ճանապարհին կարելի է հետեւել այդ երկաթուղու խոշոր կայարանի կառուցման աշխատանքներին, որոնց գրեթե ոչ մի հայ չի մասնակցում. հիմնականում թուրքեր ու ադրբեջանցիներ են աշխատում, նաեւ՝ վրացիներ: Եռակողմ գործարքով կառուցվող այդ երկաթուղին, շրջանցելով Հայաստանը, պետք է փոխադրման նոր ճանապարհ ստեղծի Վրաստանի, Ադրբեջանի եւ Թուրքիայի միջեւ՝ դուրս գալով դեպի Եվրոպա: Ջավախքցիներն այստեղ լուրջ խնդիրներ են տեսնում, քանզի օր օրի հայերից դատարկվող Ջավախքում, որտեղ տուն չի վաճառվում, որովհետեւ բոլորը գնում են՝ եկող չկա, արդեն երկաթուղուն տիրություն անելու նպատակով Վրաստան թափանցած թուրքերն են գալիս եւ Նինոծմինդայում ու Ախալքալաքում տներ ու կացարաններ կառուցում:

Վաղն էլ արտագաղթի ճամփան բռնած հայերի՝ կոպեկներով վաճառվող տներն ու հողատարածքները կգնեն ու կհիմնավորվեն այնտեղ, ուր մեր պապերի գերեզմաններն ու մեր հայրենակիցների մանկությունն է մնացել: Ջավախքում վրացական իշխանություններից պաշտոն ու մանդատ ստացած հայ պաշտոնյաների, պատգամավորների համար այս հարցը կարծես թե այնքան էլ մտահոգիչ չէ, մի բան էլ ավելին՝ շատ էլ լավ է, առեւտուրը կզարգանա, իսկ եթե մտահոգում էլ է, ապա միայն հոգու խորքում կամ «նեղ կռուգով» մի երկու բաժակ խմած ժամանակ հայրենասիրության արթնացումից ծնված կենացներ ասելիս: Խումհարից հետո, երբ վերադառնում են աշխատանքի՝ Վրաստանի դրոշի ներքո թղթաբանություն անելու, այդ ամենը մոռացվում է: Իսկ Վրաստանում այսօր հայ պաշտոնյա-պատգամավորների մեծ մասը հենց այդ տեսակին է պատկանում՝ հայրենասեր, բայց Վրաստանի հատուկ ծառայությունների խոշորացույցի տակ, միայն նրանց թույլ տված չափ ու սահմաններում: Կարելի է ասել՝ այդպիսի չինովնիկների հայրենասիրությունն ու հայասիրությունն սկսվում են միջոցառումների ժամանակ առատ սեղանների շուրջ բոցաշունչ ճառեր ասելով եւ ավարտվում Վրաստանի հատուկ ծառայությունների կաբինետներում՝ կոնյակի շուրջ, կամ նույն ծառայությունների «պադվալում»՝ ճաղերի հետեւում: Առհասարակ, Ջավախքում այսօր ամեն ինչն է տեղի հատուկ ծառայությունների խոշորացույցի տակ: Ցանկացած միջոցառման ժամանակ պարտադիր մի քաղաքացիական հագուստով «գործակալ-հյուր» լինում է:

Դրան ջավախքցիներն արդեն սովորել են, բայց ավելի վատն այն է, որ Վրաստանի իշխանությունները կարողացել են հենց իրենց՝ ջավախահայերի շրջանում արտահաստիքային գործակալական ցանց ստեղծել, որը կա ամեն գյուղում, երբեմն նույնիսկ՝ ամեն ընտանիքում: Ստալինյան ժամանակներն են կարծես ետ եկել, եւ անգամ պատերն ականջներ ունեն: Սարի գլխին մի բառ խոսում ես, հաջորդ օրն ամբողջ գյուղն իմանում է այդ մասին, ու սկսվում է խնդիրների շարանը քո դեմ: Այս բարքերն արմատավորվեցին հատկապես ադրբեջանցիներին օրերս սեր խոստովանած Միխայիլ Սահակաշվիլու նախագահության օրոք: Սակայն Բիձինայի գալով էլ, ըստ էության, ոչինչ չփոխվեց: Միայն հույսեր արթնացան, թե լավ կլինի, ու այդ հույսով էլ տեղի հայերն իրար դեմ ելան՝ բաժանվելով Սահակաշվիլու եւ Իվանիշվիլու կողմնակիցների, սկսեցին ուրիշի երկրում իրար դեմ պայքարել ինչ-որ քաղաքական շահերի համար, իրար միս ուտել, եւ ամենացավալին այն է, որ դրան խառնվում էին նաեւ Հայաստանի, ՀՀ իշխանությունների ներկայացուցիչները: Արդյունքում որեւէ խնդիր էլ չլուծվեց, դեռ մի բան էլ խնդիրներն ավելացան: Ջավախքում այսօր որեւէ մեկը սեպարատ, անջատողական որեւէ շարժում ծավալելու մտադրություն չունի, ոչ ոք քաղաքական առումով Ջավախքի խնդիր չի դրել իր օրակարգում: Ջավախքցին ընդամենը ուզում է պահպանել իր ինքնությունն ու լեզուն եւ ապրել վրացիների հետ կողք կողքի՝ հաշտ ու համերաշխ:

Սակայն Վրաստանի հայկական դպրոցներում կրճատվում են հայոց լեզվի դասաժամերը, վերացնում են հայերենի քննությունը՝ փոխարենը խստացնելով վրացերենը: Հայաստանից դասագրքեր չի թույլատրվում տանել Ջավախք, ուսուցիչները հայերեն պարապում են հնամաշ դասագրքերով, որ տարիներ առաջ են ուղարկվել Հայաստանից, որեւէ մեկը չի ստուգում՝ հայոց լեզվի դասերն անցնում են պատշաճ մակարդակով, թե ոչ. ուզում ես փոխարենը ֆիզկուլտուրա պարապիր, ավելի լավ: Բացի այդ, հայկական դպրոցների համար Վրաստանի տպագրած դասագրքերն էլ բացում ես՝ կեսը վրացերեն է գրված: Չգիտես՝ լա՞ս, թե՞ խնդաս, երբ տեսնում ես Վրաստանի պատմության, աշխարհագրության, մաթեմատիկայի դասագրքերում վերնագրերը վրացերեն, տեքստերը՝ հայերեն, հայերենն էլ՝ հազար ու մի սխալներով, կամ երբ մաթեմատիկայի դասագրքի վրա հայերենով գրված է «Մագեմագիկա»: Եվ եթե առաջ պաշտոնական գրագրությունը հայերեն ու ռուսերեն էր Ջավախքում, այսօր միայն վրացերեն է:

Իհարկե, չես կարող մեղադրել վրացական իշխանություններին, իրենց երկիրը՝ իրենք, ինչո՞ւ պետք է ազգային փոքրամասնության լեզվին ու մշակույթին տեղ տան: Բայց կարելի է մեղադրել Հայաստանի իշխանութուններին, որ ոչ միայն վերջին տարիներին աչքաթող են արել Ջավախքն ու ջավախքցիներին, այլեւ նրանց համար ամենատարրական խնդիրները պետական մակարդակով չեն կարողանում լուծել, նույնիսկ անձնագրերի հարցը, որ այդքան խնդիրներ է առաջացնում ջավախահայերի համար: Այս առումով ջավախահայերն իրենց անտեսված են զգում Հայաստանի կողմից՝ նշելով, որ նախորդ իշխանությունների ժամանակ գոնե որոշակի ուշադրություն ու աջակցություն կային Ջավախքին, հիմա միայն ձեւական, կենացներ ասող հանդիպումներ են լինում, ուրիշ ոչինչ: Գալուստ Սահակյանն էլ ասում է, որ մտադիր չէ նույնիսկ այցելել Ջավախք՝ գոնե մոտ ապագայում:

Դե, իհարկե, այցելում է, որ ի՞նչ անի: Փոխարենը՝ Հայաստանի իշխանություններն ապերախտի պես կարողանում են օգտվել ջավախքցիների մարդկային ռեսուրսներից՝ ընտրությունների ժամանակ: Այս ընթացքում ակտիվորեն երկքաղաքացիության օրենքով Հայաստանում հազարավոր ջավախքցիների գրանցելով, որ գան հայկական անձնագիր ստանան ու մեկնեն Ռուսաստան, այստեղ չբնակվող, բայց գրանցված ջավախքցիների ձայներն ընտրությունների ժամանակ «ավանդական» տարբերակով օգտագործում են՝ ի շահ իրենց, այսինքն՝ ի շահ Հանրապետականի:

Ընտրություններում ակտիվորեն օգտագործվում են նաեւ ՀՀԿ-ի տանիքի տակ հայտնված ջավախահայ պատգամավորների ու նրանց հիմնած քաղաքական ուժերի ռեսուրսները, որոնք հիանալի ծառայում են ՀՀԿ-ին, բայց նույն ՀՀԿ-ի հովանու ներքո ինչ-որ անիմաստ շահերի ու ամբիցիաների պատճառով անօգուտ թշնամանում ու պայքարում իրար դեմ՝ փոխանակ միավորվելու եւ Ջավախքի համար մի օգտակար բան անելու: Եվ երբ երկքաղաքացիություն ստացած ջավախքցիները վրացի սահմանապահների կողմից հանկարծ «բռնվում են», որ հայկական անձնագիր էլ ունեն, զրկվում են Վրաստանի քաղաքացիությունից ու Վրաստան մշտական մուտք գործելու իրավունքից, ու այդ հարցը մեր իշխանություններն այդպես էլ չեն կարողանում լուծել: Իսկ վարչապետն ու ԱԺ նախագահը թող պարծենան ֆուրշեթներում վրացի պաշտոնյաների հետ խմած վրացական գինիներով ու հյուրասիրած հայկական կոնյակներով:

Նյութի հղեց Աղվան Տոնականյանը

Նյութը կազմեց Վահե ՄԱԿԱՐՅԱՆԸ

Նյութի աղբյուրը ` http://hraparak.am/?p=79250&l=am/