«Amnesty International» միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը անդրադարձել է Բերձորի ճանապարհի արգելափակմանը` հորդորելով Բաքվի իշխանություններին վերացնել «Լեռնային Ղարաբաղի շրջափակումը» և վերջ տալ «ծավալվող հումանիտար ճգնաժամին»։
«Հունիսի 15-ին Ադրբեջանը դադարեցրել է ամեն տեսակի փոխադրումները Բերձորի միջանցքով` միակ ճանապարհը։ Լեռնային Ղարաբաղը շրջափակման մեջ է 2022 թվականի դեկտեմբերից։ Նշված ժամանակից ի վեր Լեռնային Ղարաբաղի բնակիչներն ապավինում են ռուսական խաղաղապահ ուժերի և Կարմիր խաչի մարդասիրական օգնությանը: Ներկայում ադրբեջանական զինուժը արգելափակել է մուտքը, հումանիտար ճգնաժամը խորանում է։ Հունիսի 26-ին Կարմիր խաչին թույլատրվեց վերսկսել ծանր հիվանդների տարհանումը։ Այնուամենայնիվ, հիվանդանոցները դեղերի և բժշկական պարագաների սուր պակաս ունեն։ Բաքվի իշխանությունները պետք է վերացնեն Լեռնային Ղարաբաղի շրջափակումը և վերջ տան ծավալվող հումանիտար ճգնաժամին»,- նշված է թվիթերյան գրառման մեջ։