Վանի ամրոցի փեշերին կառուցված «Անտիկ Վան քաղաք» անվամբ հայտնի բնակավայրից մեր օրերը հասած ավերակները կամաց կամաց ոչնչացվում են։ Արարատյան թագավորության օրոք հինադրված քաղաքի ավերակները, անցնելով հազարամյակների միջով, երկար ժամանակ եղել են գանձախույզների թիրախում։ Միջագետք լրատվական գործակալության լուրերի համաձայն՝ գանձագողերը ապօրինի պեղումների միջոցով ավերել են գրեթե ողջ տարածքը։ Բացի գանձագողերի հասցրած վնասից, պատմական քաղաքի տարբեր հատվածներն օգտագործվում են որպես անասնագոմ։
Հին քաղաքի պատմությունը սկսվում է մ.թ.ա. 800 թվականից: Արարատյան թագավորությունից մնացած կառույցները՝ ժայռափոր աշխատանքից մինչև մետաղագործություն և արհեստագործություն, մեր նախնիների թողած մեծ ու հարուստ ժառանգությունն են։ Վանի ամրոցը և այնտեղ գտնվող կառույցները պե՛տք է պաշտպանված լինեն։