Հայ Առաքելական եկեղեցին հունիսի 29-ին նշում է սուրբ թարգմանիչներ Սահակի և Մեսրոպի հիշատակի օրը։
Ս. Սահակ Պարթև Հայրապետը Ներսես Մեծ կաթողիկոսի որդին էր: Լինելով կրթված և հմուտ` երաժշտական, հռետորական արվեստների, իմաստասիրության և լեզվագիտության մեջ, Սահակ Պարթևը մեծ նպաստ է բերել հայ ազգային մշակույթի զարգացմանը, եղել հայոց գրերի ստեղծման ջատագովը, Մեսրոպ Մաշտոց վարդապետի հետ դարձել հայ դպրության ու եկեղեցական մատենագրության հիմնադիր:
Ս. Մեսրոպ Մաշտոցը ծնվել է 360 թվականին, մանուկ հասակից սովորել հունարեն և պարսկերեն: Սկզբում պաշտոնավարել է արքունիքում՝ որպես արքունի դպիր: Սակայն հետո` թողնելով աշխարհիկ կյանքը, դարձել է հոգևորական՝ ապրելով խիստ ճգնությամբ: Քարոզչության ընթացքում Ս. Մեսրոպը զգում է հայ տառերի և հայագիր Աստվածաշունչ ունենալու կարևորությունը: Նա աշակերտների հետ մեկնում է Եդեսիա և Տիգրանակերտ, աստվածային զորությամբ հղանում հայոց տառերը և Սամոսատում Հռոփանոս անունով մի հույն գրչի հետ վերջնականապես ձևավորում է դրանք:
Տառերի գյուտից հետո Ս. Սահակն ու Ս. Մեսրոպը սկսում են Աստվածաշնչի թարգմանությունը և այնպես կատարյալ կերպով են այն կատարում, որ Աստվածաշնչի հայերեն թարգմանությունը դարեր հետո կոչվում է «Աստվածաշնչի թարգմանությունների թագուհի»: