ՀՀ Գիտությունների Ազգային Ակադեմիայի Հնագիտության և ազգագրության ինստիտուտի հնագիտական արշավախումբը սկսել է պեղումները ՀՀ Կոտայքի մարզի Հատիս լեռան վրա նոր հայտնաբերված ամրոցի տարածքում, հայտնում են Կրթության, գիտության, մշակույթի, սպորտի նախարարությունից։  Ամրոցը (Շամիրամի բերդ, Հատիսի ամրոց) գտնվում է Հատիսի կոնաձև գագաթին։ Պատերի լայնությունը տատանվում է 2-4,5մ, բարձրությունը՝ 1-3մ միջև։ Կառուցված է բազալտի խոշոր և միջին չափերի անմշակ քարերով: Արևելյան պարսպապատի մեջ պահպանվել է 3 մ լայնությամբ մուտքը։ Պարսպաշարի առավել պահպանված հատվածը՝ մոտ 3մ, ունի ավելի քան 10 շարք բարձրություն։

Արշավախմբի կազմում ընդգրկված են հայ և իտալացի 6 հնագետներ։

Այս պահին ձեռք բերված տվյալները թույլ են տալիս հնավայրը թվագրել բրոնզ- երկաթեդարյան, անտիկ և միջնադարյան ժամանակաշրջաններով։ Հայտնաբերված հնագիտական գտածոների մեջ կարելի է առանձնացնել տարբեր ժամանակաշրջանների խեցանոթների օրինակներ, բրոնզեդարյան նետասլաքների օրինակներ օբսիդիանից, երկաթից նիզակի ծայր, տարբեր քարերից, երկաթից և բրոնզից պերճանքի առարկաներ, գլանաձև կնիք (հավանաբար մ․թ․ա 5-րդ դար) և Ալեքսանդր Մեծի պատկերով արծաթյա դրամը։

Պեղումների ավարտը նախատեսվում է օգոստոսի վերջին։