Մատենադարանի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Կարեն Մաթևոսյանը, որը տնօրենի պաշտոնը զբաղեցնելու հայտ է ներկայացրել, շատ է կարևորում կառույցի ձեռագրերի պահպանությանը, ռեստավրացիային, թվայնացմանը, գիտական հետազոտություններին վերաբերող հարցերը: Նրա համոզմամբ՝ Մատենադարանը պետք է պահպանի գիտահետազոտական ինստիտուտի կարգավիճակն ու բնույթը: 

«Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում Կարեն Մաթևոսյանը նշում է՝ իր ներկայացրած ծրագրում անդրադարձել է Մատենադարանի առաջիկա գործունեության հիմնական ուղղություններին, որոնք վերաբերում են անվտանգության խնդրին, գիտական հետազոտություններին, գիտահանրամատչելի հրատարակություններին, Մատենադարանի մատենաշարերի շարունակականությանը, որոնք պետք է լույս տեսնեն առաջիկայում, ինչպես օրինակ՝ «Մայր ցուցակ ձեռագրաց»-ը, «Մատենագիրք հայոց»-ը:

Նա կարևորում է նաև 16-րդ դարի ձեռագրերի հիշատակարանների հրատարակումն ու հիշեցնում, որ Մատենադարանը նյութեր է տրամադրում տարբեր ոլորտների ուսումնասիրողներին՝ պատմաբաններին, լեզվաբաններին և այլոց, իսկ 16-րդ դարի մեր պատմությանը վերաբերող սկզբնաղբյուրները շատ չեն: «Այս դարաշրջանի վերաբերյալ պատմիչների գործեր չունենք, հետևաբար հիշատակարանները չափազանց կարևոր աղբյուրներ են պատմության համար և դրանց շուտափույթ հրատարակությունը շատ նշանակալի է»,-շեշտում է տնօրենի թեկնածուն ու հավելում. «Մատենագիրք հայոց» շարքով պետք է հրատարակվեն 12-րդ դարի ժամանակագիրներ Մատթեոս Ուռհայեցու, Սամվել Անեցու, Մխիթար Անեցու գործերը»։