Մեր կլիմայական պայմանները նպաստում են ծիրանենու լավ աճին, և զարմանալի չէ, որ լատիներենում ծիրանենու պտուղը՝ ծիրանը, կոչվում է «Prunus armeniaca»` «հայկական սալոր»:
Ծիրանը հայկական հողի ամենահին ու ամենաքաղցրահամ միրգն է։ Մեր թվարկությունից առաջ՝ 69թ. գարնանը Հայաստան ներխուժած հռոմեացիները հիացմունքով էին ճաշակում այդ յուրահատուկ ծառի արտակարգ համեղ պտուղները։
Ալեքսանդր Մակեդոնացու, հետագայում նաև հռոմեացի զորավար Լուկուլլոսի հանձնարարությամբ զինվորները Հայաստանից ծիրանենու՝ որպես խիստ արժեքավոր ծառատեսակի տնկիներ տեղափոխեցին իրենց երկրներ, որտեղ դրա պտուղը ստացավ «Հայկական միրգ» անունը։
Փաստացի շուրջ 2 հազար տարի առաջ Եվրոպայում գաղափար չունեին ծիրանի մասին։ Ծիրանենին եվրոպական երկրներ թափանցեց Հայաստանի սարահարթից Հունաստան եւ Հռոմ տարված տնկիների հիմքի վրա։
Հայաստանում ծիրանենու կուլտուրայի մշակումն ունի վաղնջական պատմություն։
Հայ բնագետ Բաբկեն Առաքելյանի գլխավորությամբ Գառնիի պեղումների ընթացքում հայտնաբերվել են ավելի քան 6 հազար տարվա հնության ծիրանի կորիզներ։
Ասորական, հունական, հայկական սեպագիր արձանագրությունները, հայ մատենագիրների աշխատությունները վկայում են, որ սկսած նեոլիթից, հազարամյակներ շարունակ Արարատյան դաշտում, պատմական Արագածոտն, Սյունիք, Վայոց ձոր ու այլ գավառներում պտղատու ծառատեսակների մեծ մասը (40-50%) եղել են ծիրանենիները՝ «ծիրանուտները»։
Այսօր, Արագած լեռան հարավային լանջերում, Ամբերդ գետի ձորում դեռ պահպանվում են հայկական ծիրանենիների նախնիները՝ դրանց վայրի ձեւերը։
1970-86թթ. բուսաբանները դիմել էին մի այսպիսի գիտափորձի։ Վերցրել էին սովորական ծիրանենու՝ հայկական, միջինասիական եւ եվրոպական վայրի խմբերի ներկայացուցիչներ ու կատարել խաչասերումներ։
Կատարված գիտափորձերի արդյունքում ամենից բարձր հատկանիշներ դրսևորել էին հայկական ծիրանենիները, ինչը ապացույց է այն բանի, որ դրանք ծագել են ավելի հեռավոր ժամանակներում եւ անցել զարգացման ավելի երկար ճանապարհ։
Վերլուծելով եւ արժեւորելով հնագիտական եւ պատմական գրականության տվյալները, ծիրանենիների գծով կատարված գիտափորձերի արդյունքները, բուսաբաններից շատերը հանգել են այն եզրակացության, որ Հայաստանը ծիրանենու հնագույն օջախներից մեկն է, կամ էլ իսկական հայրենիքը։