Ադրբեջանցի օգտատերերից մեկի կողմից համացանցում տեղադրված տեսանյութերից երևում է, որ օկուպացված Հադրութի շրջանում գտնվող Կավաքավանք վանքային համալիրի տարածքում շինարարական աշխատանքներ են իրականցվում: Այս մասին հայտնում է Արցախի մշակութային ժառանգության մշտադիտարկում իրականացնող monumentwatch.org կայքը․ 2020 թվականի հոկտեմբերի 12-14-ը Կավաքավանքի շրջակայքում ինտենսիվ մարտեր են ընթացել, տարածքը ենթարկվել է հրետակոծության: Ադրբեջանցի զինվորականները եկեղեցին օգտագործել են որպես ռազմական հենակետ, ինչի հետևանքով կառույցի զարդաքանդակներն ու հայերեն արձանագրությունները զգալիորեն տուժել կամ և ոչնչացվել են: Եկեղեցու վիճակի մասին 44-օրյա պատերազմից հետո՝ մինչև այս տեսանյութերի ի հայտ գալը, տեղեկություններ չկային: Տեսանյութից երևում է, որ եկեղեցին և նրա շրջակայքը զգալիորեն տուժել են հակառակորդի հրետակոծությունից, կան փլված հատվածներ, ընկած ու թափված քարեր, վնասված է տանիքը: Այս վնասները նախքան 2020 թվականի պատերազմը առկա չէին: Անհետացել է եկեղեցու կողքին դեռևս 1995 թվականին տեղադրված ազատամարտիկների հիշատակին նվիրված խաչքարը: Շատ հնարավոր է, որ խաչքարը ոչնչացրել են ադրբեջանցի զինվորականները: Նկատենք, որ ադրբեջանական կողմը չի էլ թաքցնում, որ 1994 թվականից այս կողմ կանգնեցված խաչերի, խաչքարերի, տարաբնույթ հուշակոթողների, ինչպես նաև նոր կառուցված եկեղեցիների հանդեպ իր վերաբերմունքը: Տեսանյութից երևում է, որ ադրբեջանական կողմը հարթեցրել է եկեղեցու շրջակա տարածքը, կատարել հողալցումներ: Դատելով տեսանյութում երևացող տեխնիկայից՝ դեպի եկեղեցի նոր, ասֆալտապատ ճանապարհ է կառուցվում: Առավել մտահոգիչ են եկեղեցու ներսում և շքամուտքի վրա կատարվող աշխատանքները: Դատելով տեսանյութից՝ շքամուտքը զգալիորեն վնասված է, համարյա անհետացել են զարդաքանդակ եզրագոտիները: Եվ իհարկե, քարոզչական էժանագին հնարքը՝ հայկական միջավայրում, հայերի կողմից 1742 թվականին կառուցված և հայերեն արձանագրություններ կրող եկեղեցին հորջորջել որպես աղվանական:
Մեր արձագանքը.
Հարկ է նշել, որ, ըստ «Զինված ընդհարման դեպքում մշակութային արժեքների պաշտպանության մասին» Հաագայի 1954 թ. կոնվենցիայի և դրա լրացուցիչ՝ 1954 թ. և 1999 թ. արձանագրությունների, արգելվում է կոնվենցիայով սահմանված մշակութային արժեքն օգտագործել ռազմական նպատակներով։ Հաագայի 1999 թ. երկրորդ արձանագրության 6-րդ հոդվածն արգելում է մշակութային արժեքները վերածել ռազմական օբյեկտների կամ օգտագործել այնպիսի նպատակներով, որոնք կարող են դրանք ավերվելու կամ վնասվելու վտանգի ենթարկել։ Իսկ երկրորդ արձանագրության 15-րդ հոդվածի գ և դ կետերով այդպիսի արարքը որակվում է որպես ռազմական հանցագործություն։
Հարկ է հիշեցնել, որ Հաագայի արդարադատության միջազգային դատարանի 2021 թ. դեկտեմբերի 7-ի որոշմամբ արգելվել են հայկական եկեղեցիների պղծման գոծողությունները․ «Ադրբեջանը պարտավոր է ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցները՝ կանխելու և պատժելու վանդալիզմի և պղծման գործողությունները, որոնք իրականացվում էին հայկական մշակութային ժառանգության նկատմամբ․․․»։
Իսկ ԵԽԽՎ 2583-րդ բանաձևով հայկական մշակութային արժեքների հայկականության փաստի ժխտումն ու դրանց՝ աղվաններին պատկանելը ճանաչվել է որպես «ադրբեջանական հորինվածք»»: