Եվ այսօր, ինչպես հազարամյակներ առաջ, ծիրանենին շարունակում է մնալ Հայաստանում տարածված ամենահիմնական պտղատու ծառատեսակը։

Ծիրանենին՝ «ամենահայկական ծառը», ի բնե սերված, մերված է այս բիբլիական հողին։ Մեծ Մասիսի լանջի Ակոռի գյուղը, որին ավանդությունը կապում է «նոր մարդկության» նախահայր Նոյի անվան հետ, եղել է հայկական հնագույն բնակավայրերից մեկը։ Այն կործանվեց 1840թ. հունիսի 20-ի երկրաշարժի ժամանակ։

Գերմանացի ճանապարհորդ, բնագետ Մորից Վագները այդ երկրաշարժից երեք տարի անց` 1843թ. Խաչատուր Աբովյանի հետ բարձրանում է Ակոռի գյուղի տեղանքը։ Նրանց զարմացնում է, որ երկրաշարժը Ակոռիից ոչ մի հետք չէր թողել, բայց ահա գյուղի հռչակավոր այգուց անվնաս էր մնացել 13 ծիրանենի։

-Այսպիսի հրաշք կարող է միայն Հայոց աշխարհում լինել,- զարմացած բացականչում է Մորից Վագները։- Ամեն ինչ կործանվել է, համարյա բան չի մնացել, բայց ամենակարող շարժը չի կարողացել գետին տապալել հայկական ծիրանենիները։ Չէ՛, Խաչատուր, սա մեծ խորհուրդ ունի։

-Ծիրանը հայկական երկրի խորհրդանիշն է,- ասել է Մ. Վագները։