Հուլիսի 16-ին, ժամը 13:00-ին Գյումրին համայնքապետարանը հրավիրում է բոլորին հայրաքաղաք՝ մասնակցելու համահայկական Վարդավառի:  Այս տոնն ունի շատ խորը արմատներ և նշվել է շատ մեծ շուքով՝ ունենալով իր ծիսական խոհանոցը, երգացանկը, արարողությունները։

Այսօր առաջարկում ենք ծանոթանալ ամառային ամենասիրված տոնի պատմությանը։

Վարդավառը Հայ առաքելական եկեղեցու հինգ տաղավար տոներից մեկն է, որին նախորդում է շաբաթապահք, իսկ հաջորդող երկուշաբթին ննջեցյալների հիշատակության օր է։ 

Վարդավառը տոնում էին դեռևս հեթանոս հայերը՝ մեծարելով ջրի, սիրո, գեղեցկության աստվածուհի Աստղիկին և պտղաբերության աստվածուհի Անահիտին։ 

Տոնի օրը գյուղացիները հիմնականում ավարտած էին լինում դաշտային աշխատանքները և աստվածուհիներին շնորհակալություն հայտնում անձրևների ու բերքի համար։ Նաև խնդրում էին դաշտերը զերծ պահել երաշտից, միջատներից ու զանազան աղետներից։ 

Գյուղացիներն ուղևորվում էին դեպի մոտակա սարերը, գետերն ու աղբյուրները, զոհեր մատուցում, հեթանոսական մեհյաններին հասկեր նվիրում, տունն ու կենդանիներին զարդարում ծաղիկներով ու ծառի ճյուղերով։ Տոնը նշում էին նաև հատուկ ուտեստներ պատրաստելով, միմյանց ծաղիկներ նվիրելով, աղավնիներ թռցնելով։ Բայց նույնիսկ այսքանով էլ տոնախմբությունները չէին սահմանափակվում և շարունակվում էին տոնավաճառներով, խնջույքներով, երգ-պարով, խաղերով։

Ըստ քրիստոնեական ավանդույթի՝ տոնը կապվում է Հիսուս Քրիստոսի հետ և կոչվում Պայծառակերպության կամ Այլակերպության օր։ Քրիստոսն իր աշակերտների հետ բարձրանում է Թաբոր լեռը։ Առաքյալները հոգնածությունից ու շոգից քնում են, իսկ Քրիստոսի վրա լույս է իջնում՝ լուսավորելով ողջ լեռը։ Առաքյալներն ականատես են լինում իրենց ուսուցչի այլակերպմանը։