Մերձավոր Արևելքում մեկդարյա գեղարվեստական էվոլյուցիայից հետո Երուսաղեմի հայերի նշանավոր կերամիկական արվեստը շուտով կարող է առաջին անգամ արտադրվել Հայաստանում։

Թուրքական կոտորածները վերապրած հայերը 1922 թվականին Երուսաղեմում հիմնեցին երկու առանձին արհեստանոցներ, որոնք մասնագիտացած էին սալիկների և խեցեգործության մեջ:  Նրանք աստիճանաբար զարգացրեցին իրենց ինքնուրույն գեղարվեստական ոճը՝ զերծ այն սահմանափակումներից, որոնց բախվում էին Օսմանյան տիրապետության ներքո: Հայ արվեստագետների հռչակը տարածվեց Երուսաղեմի սահմաններից դուրս: Այսօր այդ արհեստանոցների յուրօրինակ գործերը որպես նվեր են մատուցվում թագավորական ընտանիքներին, բարձրաստիճան պատվիրակություններին ու նախագահներին, ինչպես նաև արտահանվում աշխարհով մեկ: 1992 թվականին Վաշինգտոնի Սմիթսոնյան թանգարանը նաև հատուկ, մեկամսյա ցուցադրություն էր կազմակերպել՝ «Հայկական կերամիկա Երուսաղեմից»։ Աշխարհահռչակ մի քանի այլ թանգարաններ, այդ թվում՝ բրիտանական Վիկտորիա և Ալբերտ թանգարանը նույնպես ունեն Երուսաղեմի հայկական խեցեղենի օրինակներ։

«Արվեստի այս տեսակը դարձել է Երուսաղեմի խորհրդանիշը», — «Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայանին ասաց Սետրագ Բալյանը՝ ընտանիքին պատկանող “Balian Armenian Ceramics of Jerusalem” գործարանում, որը հիմնել է նրա մեծ պապը Հայերի դեմ իրագործված ցեղասպանությունից հետո։ Բալյանների գործարանը Երուսաղեմում անընդմեջ գործող ամենահին ձեռնարկություններից է: Երուսաղեմում պատրաստված կապույտ և սպիտակ սալիկները, որպես կանոն, շատ հաճախ են զարդարում Կալիֆորնիայի ճոխ լողավազանները:

Այժմ Բալյանների ընտանիքը պատրաստվում է դառնալ երուսաղեմահայ խեցեղենագործներից առաջինը, որ «կվերադառնա» Հայաստան։ Բալյանը հրաժարվում է կոնկրետ ժամկետներ նշելուց, սակայն ասում է, որ ընտանիքը «գործարան, թանգարան և սրճարան բոլորը մեկում» պլանավորելու փուլում է։