Նրանք ովքեր եղել են Մատենադարանում և նայել են ձեռագիր մատյանների էջերին, անկասկած ապշել են մանրանկարների գեղեցկությամբ: Արվեստի այդ եզակի նմուշներին իրենց անկրկնելիությունն է տալիս կարմիը՝ որդան կարմիրը։ Նայում ես մանրանկարներին ու տպավորություն է, թե հենց նոր են նկարել: Գույներն այնքան պայծառ են, այնքան գրավիչ: Հենց դա է որդան կարմիրի ֆենոմենը` երբեք չհնացող ու իր գեղեցկությունը կորցնելու անընդունակ: Այդ 12 մմ-ի հասնող որդերը դեռ հին ժամանակներից մեծ ճանաչում են բերել շատերի համար անծանոթ Հայաստանին: Հայաստանի բրենդը դարձած երբեմնի «կարմիրը» այժմ , ցավոք, գտնվում է ոչնչացման վտանգի տակ: Անշուշտ բոլորս ենք լսել հրաշք ներկանյութի մասին, որի դեմ ժամանակը անզոր է, սակայն ի՞նչ գիտենք նրա մասին: Երբվանի՞ց հայերը սկսեցին օգտագործել այն, ի՞նչ է պահպանվել որդան կարմիրի մասին պատմության էջերում, ինչու՞ մոռացվեցին երբեմնի կախարդական ներկանյութի պատրաստման ավանդույթները և ի՞նչ ենք անում մենք ի պաշտպանություն որդան կարմիրի:

Աշխարհում գոյություն ունի այդ միջատների միայն 3 տեսակ` հայկական, մեքսիկական և լեհական, որը տարածված է Արևմտյան և Արևելյան Եվրոպայում: Հայաստանի կարմիր գրքում գրանցված որդան կարմիրը կամ ինչպես շատերն էին կոչում՝ Արարատյան որդան կարմիրը փոքրիկ միջատ է,որը բազմանում է Արարատյան դաշտի տարածքում։ Այս շրջանի համար այն համարվում է էնդեմիկ տեսակ։ Նրանք սնվում են միայն երկու տեսակի բույսերով։ Դրանք են որդանախոտը և եղեգը։ Զարգացման բոլոր փուլերում որդերն ունեն կարմիր գույն, ինչը պայմանավորված է օրգանիզմում կարմինի առկայությամբ։ Սեպտեմբերից մինչև մարտ ընկած հատվածում որդան կարմիրը գտնվում է հողի մեջ։ Նրանք մոտ յոթ ամիս այդպես ձմեռում են։ Մեկ տարում որդան կարմիրը տալիս է միայն մեկ սերունդ։ Ահա թե ինչպես, հողի տակ երկար ժամանակ ձմեռելուց հետո, գարնանը ձվերից դուրս են գալիս երկարավուն թրթուռները։ Նրանց վերջնական ձևավորումը տեղի է ունենում միայն սեպտեմբերի սկզբին։ Հենց այդ ժամանակ էլ տեղի է ունենում նրանց բազմացումը։ Ի դեպ, արուները զուգավորումից հետո սատկում են, իսկ էգերը նորից մտնում են հողի տակ ձվադրելու։ Հենց այդ ժամանակահատվածում էլ պետք է հասցնել հավաքել էգ որդերին, հայտնի կարմիր ներկը ստանալու նպատակով։ Մեկ հեկտար աղուտից կարելի է հավաքել մինչև 40 կգ որդ, իսկ 1 գրամ որդան կարմիր ստանալու համար անհրաժեշտ է 150-ից