Հայկական որդան կարմիրը լայն տարածում գտավ Ⅵ-Ⅸ դարերի արաբական արշավանքների ժամանակ: Աչքն ու ճաշակը շոյելու և բուժիչ հատկությունների համար անվանվեց «արևելքի հրաշք»: Կարմիր ներկանյութը օգտագործվում էր թագավորական և կաթողիկոսական կնիքների համար։ Դրանով էին ներկում արքայական զգեստները։ Այն օգտագործում էին երիտասարդացնող ու մաշկի գեղեցկությունը պահպանող յուղեր պատրաստելու համար։ Կան պահպանված հիշատակություններ, որոնք վկայում են, որ որդան կարմիրը օգտագործել են նաև դեմքին կարմրություն հաղորդելու համար։

Այս ներկանյութը նաև լայն կիրառություն ուներ բժշկության մեջ։ Այն օգտագործել են որպես ջերմիջեցնող, հականեխիչ, հակաբորբոքիչ։ ⅩⅤ դարում հայ մեծ բժիշկ Ամիրդովլաթ Ամասիացին իր աշխատություններից մեկի մեջ հետաքրքիր տեղեկություն է հաղորդում այս ներկի առանձնահատկությունների մասին։

Ներկն օգտագործվում էր մանրանկարչության, որմնանկարչության, գորգագործության մեջ։ Ալթայի երկրամասից հայտնաբերված, 4500 տարեկան համարվող Պազիրիկի գորգը, որն ամբողջական պահպանված ամենահին գորգն է աշխարհում, նույնպես գեղազարդված է որդան կարմիրով:

 Այժմ էլ հայկական եկեղեցիների պատերին կարելի է տեսնել որմանակարներում օգտագործված որդան կարմիրի հետքերը, որոնք այդպես էլ չեն խամրել։ Դրանց լավագույն օրինակներից են Ախթալայի և Քաբայրի վանական համալիրներում պահպանված մանրանկարները։