Անցած տարվա վերջին Ախալքալաքի Կարծախ գյուղում Awesome foundation javakhk ծրագրի չորրորդ փուլի հաղթող էր ճանաչվել Հասմիկ Սաղաթելյանի՝ «Կտոր մը Կարին» նախագիծը:
Նախագծի շրջանակներում պետք է ազգային տարազներ կարվեին, ինչպես նաև, Հասմիկը պետք է ձեռք բերեր բարձր որակի լուսանկարչական ապարատ, որով Ջիվանու տուն թանգարանի հուշային հատվածներում կիրականացվեն լուսանկարահանումներ՝ ազգային տարազով:
jnews.ge-ի փոխանցմամբ՝ այսօր այս ամենն իրականություն է, հագուստները կարված են Կարնո տարազներին համապատասխան։
«Այս տարազները, կարելի է ասել, փոքրիկ պատառիկներ են Կարինից, Կարինի մշակույթից, որը պետք է պահպանենք, քանի-որ այն մերն է, և եթե մենք մերը չպահպանենք, մեր փոխարեն ոչ ոք դա չի անի», – նշում է Հասմիկը:
Հագուստները թվով 6-ն են՝ նախատեսված կնոջ, տղամարդու եւ երեխաների համար, որոնք կարող են գեղեցիկ ընտանեկան և անհատական լուսանկարներ դառնալ։