ⅫⅠ դարում, երբ Հայաստանը կորցրեց պետականությունը, որդան կարմիրի արտադրությունը անկում ապրեց։ Շուտով, ⅩⅥ-ⅩⅦ դարերում, համաշխարհային շուկայում հայտվեց մեքսիկական կարմրաորդը։ Մեքսիկական որդի չափսերը հայկական որդան կարմիրից ավելի փոքր էին, սակայն դրանք սերունդ էին տալիս տարեկան հինգ անգամ, ի տարբերություն հայկականի, որը սերունդ էր տալիս տարեկան միայն մեկ անգամ։ Հենց դա էր պատճառը, որ հայկական կարմրաորդը շուկայից սկսեց դուրս մղվել իր տեղը զիջելով մեքսիկականին։
ⅩⅨ դարում հայտնաբերեցին արհեստական գունանյութերը։ Դրանց արտադրությունը և ավելի հեշտ էր, և էժան։ Թվում էր, թե այն ամբողջությամբ կարող է փոխարինել բնական ներկանյութին։ Մինչ աշխարհը տարված էր նոր՝ արհեստական ներկանյութով, որդան կարմիր պատրաստման բաղադրությունը մոռացության է մատնվում։
Հետագայում ժամանակը ցույց է տալիս, որ արհեստական ներկերը չեն կարող փոխարինել բնականին։ Դրանք իրենց գույնի պայծառությունը շուտ էին կորցնում, նաև առողջության համար վտանգավոր էին։ Որդան կարմիրը վստահորեն և առանց վախենալու օգտագործում էին սննդի մեջ, ինչը չէր կարելի ասել արհեստական ներկանյութերի մասին
Սկսվում են որդան կարմիրի ուսումնասիրության աշխատանքները։ 1830 թվականին այդ նպատակով Հայաստան գործուղվեց Պետերբուրգի գիտությունների ակադեմիայի ակադեմիկոս, հայտնի տեխնոլոգ և մեխանիկ Իոսիֆ Գամելը: Նրա հետազոտությունների արդյունքում հիմնավոր աշխատություն հրատարկվեց ռուսերեն և գերմաներեն լեզուներով:
XIX դարի սկզբում որդան կարմիրի բաղադրությունը վերականգնելու փորձեր արեց Էջմիածնի Մայր տաճարի վարդապետ Իսահակ Տեր-Գրիգորյանը (1780-1858)` շարունակելով միջնադարի մանրանկարիչ Սահակ Ծաղկարարի ավանդույթները:
XX դարի 30-ականներին խորհրդային կառավարությունը նույնպես փորձեց որդան կարմիրի արտադրություն բացել: Սակայն դա չհաջողվեց կյանքի կոչել` պատերազմը խանգարեց: Արարատյան որդան կարմիրի ուսումնասիրման նախագիծը կրկին կյանքի կոչվեց 1971-ին, սակայն արդյունաբերական մասշտաբների այն այնդպես էլ չհասավ:
Այս ամբողջ ընթացքում շատերն են փորձել բացահայտել որդան կարմիր ներկանյութի ստացման գաղտնիքները։ Իհարկե, մատենադարանում պահպանված ձեռագրերում բավարար տեղեկություններ կան դրա պատրաստման վերաբերյալ։ Սակայն դրանք մանրակրկիտ ուսումնասիրությունների կարիք ունեն։ Պետք է հասկանալ, թե այս կամ այն տերմինը ինչ նշանակություն ունի և ժամանակային ինչ միավորներ են կիրառվել: