Գեղարքունիքի մարզի  Մարտունի համայնքից 38 երեխա են ուղևորվել Կոտայքի մարզի Հրազդան համայնքի Մեղրաձոր գյուղում գործող «Հասմիկ» մանկական ճամբար՝ 20-օրյա ամառային անվճար հանգստի։Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Մարտունու համայնքապետարանի աշխատակազմից, ճամբարականների խմբում ընդգրկված են նաև Արցախից տեղահանված և Մարտունի համայնքում բնակվող ընտանիքների չորս երեխաներ, որոնք իրենց ուսումը շարունակում են Մարտունու  հանրակրթական ուսումնական հաստատություններում։«Առաջին հերթափոխով, 2023 թվականի հուլիսի 1-ից մինչև 20-ն ընկած ժամանակահատվածում, Մարտունի համայնքից մանկական հանգստի ճամբար են մեկնել 37 երեխա, որոնց լրացուցիչ միացել են ևս 6-ը։ Հանգստի երկրորդ հերթափոխը սկսվում է հուլիսի 20-ից և ավարտվում օգոստոսի 10-ին։ Հանգստի մեկնող երեխաների ընտրությունը կատարվել է բացառապես սահմանված կարգի համաձայն։ Երկրորդ հերթափոխով հանգստացող երեխաների անվտանգ տեղաշարժն ապահովել են ՀՀ ՆԳՆ պարեկային ծառայության աշխատակիցները՝ Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի ներկայացուցիչների ուղեկցությամբ»,-ներկայացրին Մարտունու համայնքապետարանի աշխատակազմից։