Փոքր Ասիայի Պերգամոն պետության թագավոր Եվմենես Երկրորդը, ով ապրել է մեր թվարկությունից առաջ երկրորդ դարում, գրականության մոլի սիրահար էր: Իր պետության մայրաքաղաք Պերգամոնում (այժմ` Բերգամա) նա որոշեց կառուցել հսկայական մի գրադարան: Այն ժամանակներում հիմնական գրելանյութը եգիպտական պապիրուսն էր, ուստիև պապիրուս գնելու նպատակով Եվմենես Երկրորդը Հունաստան գործուղեց մի խումբ մարդկանց: Հույները, սակայն, հրաժարվեցին նրանց պապիրուս վաճառել: «Չկա չարիք` առանց բարիքի» իմաստությունն այս պարագայում գործեց անվրեպ: Պերգամոնցի վարպետները հորթի և գառան կաշիները հատուկ մշակման ենթարկելով` մարդկությանը պարգևեցին նոր գրելանյութ: Պերգամոնի անվամբ այն կոչվեց պերգամենտ: Հայերը չընդունեցին այդ բառը և շրջանառության մեջ մտցրին «մագաղաթ» բառը: Ըստ Հրաչյա Աճառյանի` «մագաղաթ» բառը սեմական է և ծագում է «գլորել», «գալարել» արմատից: Հետաքրքրական է, որ Արցախում աղջիկներին անվանակոչել են նաև Մաքաղաթ: Սայաթ-Նովան իր հայերեն խաղերում երկու անգամ կիրառել է «մաքաղաթ» բառը: Մի դեպքում` որպես նուրբ մաշկ (Ձեռնիրըտ սիպտակ մաքաղաթ, լիզուտ օսկե ղալամի պես), մյուսում` որպես մագաղաթյա ձեռագրի վրա նկարված պատկեր (Օսկե վարաղնով վարաղնած սուրաթ-մաքաղաթըն դունի իս):

«Մշո ճառընտիրը» հայերեն ամենամեծ մագաղաթյա ձեռագիրն է: Այն գրվել ու ծաղկվել է 1200-1220 թվականներին, Երզնկայի Ավագ վանքում, Բաբերդի տանուտեր Աստվածատուրի պատվերով: Գրիչը Վարդան Կարնեցին է, ծաղկողը՝ Ստեփանոսը: Այժմ Երևանի Մաշտոցի անվան Մատենադարանում պահվող ճառընտիրը ունի 601 թերթ: Դրանցից յուրաքանչյուրը պատրաստված է մի երինջի կամ արջառի կաշվից: Բաժանված է երկու մասի, կազմ չունի, քաշը 28 կիլոգրամ է:

Ձեռագիրն ըստ տարվա տոների դասավորված ճառերի, վարքերի, վկայաբանությունների, պատմական քաղվածքների ու ներբողների ժողովածու է, որի համար կոչվում է նաև «Տոնական»:

«Մշո ճառընտիրն»  սկզբում ունեցել է 660 թերթ, որից 601-ը Երևանում է, 17 թերթ պահվում է Վենետիկում: Ձեռագիրը 1202-ին հափշտակել է Բաբերդի այլազգի դատավորը և 2 տարի Խլաթում թաքցնելուց հետո, 1204 թվականին 4000 արծաթե դրամով վաճառել Մշո Առաքելոց վանքին: Փրկագինը հավաքել են շրջակայքի բնակիչներն ու վանքի միաբանները: Մինչև 1915 թվականը ձեռագիրը գտնվել է Մշո Առաքելոց վանքում: Մեծ եղեռնի օրերին երկու հայ կին ձեռագիրը երկու մասին են բաժանել (ծանր լինելու պատճառով) և շալակած հասցրել Արևելյան Հայաստան: Ապա երկու մասերը տարբեր ուղիներով հասել են Թիֆլիսի Հայոց ազգագրական ընկերություն, որտեղից էլ բերվել Երևան: