Սանահինի վանական համալիրը, որն ընդգրկված է ՅՈւՆԵՍԿՕ–ի համաշխարհային ժառանգության ցանկում, բազմաթիվ փորձությունների միջով անցնելով է հասել մեր օրեր։ Սանահինի վանական համալիրի վերանորոգման աշխատանքներն այս տարի կավարտվեն: Sputnik Արմենիայի հետ զրույցում տեղեկությունը հայտնեց ՀՀ Կրթության, գիտության, մշակույթի, սպորտի նախարարության պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության վարչության պետ Հարություն Վանյանը։

Նա նշեց, որ պետական միջոցներով այս տարի կավարտվեն ոչ միայն տանիքի վերանորոգման աշխատանքները, այլև տարածքում բարեկարգման որոշակի աշխատանքներ են արվելու` հենապատի և ջրահեռացման խնդրի լուծում։ Սանահինի վանական համալիրի տարածքում գտնվող Սուրբ Հարություն մատուռն ու Սուրբ Հակոբ եկեղեցին նույնպես վերանորոգվել են, հիմա Զաքարյանների ու Արղությանների դամբարանն է վերանորոգվում։