ԱՄՆ սենատոր, Սենատի միջազգայի հարաբերությունների գծով կոմիտեի նախագահ Ռոբերտ Մենենդեսը ներկայացրել է օրենսդրական փոփոխությունների նախագծեր՝ Ադրբեջանին պատասխանատվության ենթարկելու Հայաստանի և Արցախի հայերի դեմ ագրեսիայի և ենթադրյալ ռազմական հանցագործությունների համար, ինչպես նաև դադարեցնելու ռազմական տեխնիկայի արտահանումը Բաքու։
«Հայաստանի արևելքի վրա Ադրբեջանի հարձակումից գրեթե մեկ տարի և Ալիևի ռեժիմի կողմից Լեռնային Ղարաբաղի բնիկ հայկական բնակչության շրջափակումից ավելի քանի 200 օր անց հստակ է, որ Ադրբեջանը հարձակողական ուժեր է կիրառում և շարունակում է անպաշտպան հայ բնակչության շրջափակումը»,- ասել է Մենենդեսը։
«Ազատության աջակցության օրենքի 907-րդ բաժնի վերապահման ամենամյա կիրառումը խախտում է օրենքի ոգին։ Ավելին, հաշվի առնելով Ադրբեջանի ագրեսիվ պահվածքը՝ հստակ է, որ վերապահումն օգտագործելու պայմանները չեն պահպանվում։ Օրենքի նկատմամաբ այս ծաղրական վերաբերմունքը հաշվի առնելով՝ ճիշտ ժամանակն է ուժը կորցրած ճանաչելու վերապահումը և ճնշում գործադրելու Բաքվի վրա՝ վերջ դնելու հայերի նկատմամբ ագրեսիվ գործողություններին։ Ես կանգնած եմ Լեռնային Ղարաբաղի ժողովրդի կողքին, ովքեր սովի վտանգի առաջ են, և Հայաստանի ժողովրդի կողքին, ովքեր շարունակում են վերականգնվել սեփական վնասներից, որոնք կրել են Ադրբեջանի ներխուժումներից իրենց հայրենիք»,- հավելել է նա։
«Առանց արդարության խաղաղություն լինել չի կարող։ Այդ պատճառով խորապես համոզված եմ, որ մենք պետք է շարունակենք հետաքննել բոլոր ենթադրյալ ռազմական հանցագործությունները։ Ավելի, մենք պետք է ճնշում գործադրենք Ալիևի ռեժիմի վրա՝ կանխելու ապագա հանցագործությունները՝ այդ թվում նաև պատասխանատուների նկատմամբ պատժամիջոցներ կիրառելով»,- նշել է նա։
https://news.am/arm/news/771860.html