Հայաստան աշխարհի կարևոր հարստություններից մեկը հնագույն ձեռագրերի թանգարանն է՝ Մատենադարանը, որտեղ պահվում են երկար դարերի ընթացքում ստեղծված մագաղաթյա ձեռագրերը: Դրանք գրված են մագաղաթի վրա, որն ստանում էին ոչխարի կամ հորթի կաշվից: Նրանք, ովքեր ստանում էին մագաղաթը, քերթում էին այդ կենդանիներին, այսինքն՝ քերթող էին: Հայերը քերթող են համարել նաև գրողներին, պատմիչներին: Օրինակ՝ հինգերորդ դարի պատմիչ Մովսես Խորենացուն անվանում են Քերթողահայր:

Երբեմն օտարականները զարմանում էին՝ տեսնելով, թե ինչպես են հայերը ստանում մագաղաթը: Մի անգամ Դվին քաղաքի արքունական սպանդանոցի առջև օտարերկրացի մի վաճառական զրույցի էր բռնվել հայ իմաստասերի հետ:

— Ինչո՞ւ եք մորթել տալիս այս հինգ հարյուր ոչխարը, — հարցնում է նա:

— Մագաղաթի համար: Միսը կմնա մարդկանց, իսկ կաշվից մագաղաթ կպատրաստեն:

— Եվ այդքան մագաղաթից քանի՞ մատյան կգրվի:

Իմաստունը պատասխանում է.

— Մեկ հատ խոշոր գիրք:

— Իսկ արժե՞ գիրք գրել այս հացապակաս տարում, — զարմանում է վաճառականը, իսկ մտքում մտածում է. «Ի՛նչ անխելք մարդիկ են այս հայերը»:

— Մարդն ապրում է ոչ միայն հացով, — ասում է իմաստասերը, — հացի պակասից մարդու մարմինն է մեռնում, իսկ գրքի պակասից՝ հոգին:

Հոգու սովը ավելի կործանարար է, քան հացի: Մագաղաթյա մատյանները հայերի հոգևոր սնունդն ու հարստությունն են: