Բաքվի իշխանությունների կողմից Արցախ-Հայաստան սահմանագծին գտնվող Հակարիի կամուրջը փակելու հետեւանքով Շուշիի շրջանի Եղցահող, Հին Շեն, Մեծ Շեն և Լիսագոր համայնքների բնակիչները հայտնվել են լիակատար շրջափակման մեջ՝ կտրվելով թե մայրաքաղաք Ստեփանակերտ, թե Գորիս հասնելու հնարավորությունից։
Մինչեւ ապրիլի 23-ը՝ անցակետի տեղադրումը, գյուղացիները կարողանում էին մայրաքաղաքից կամ Գորիսից իրենց համար անհրաժեշտ պարագաներ, սնունդ բերել, սակայն այժմ գյուղացիները գոյատեւում են Կարմիր խաչի կամ կառավարության տված օգնության միջոցով։ Մեծ Շենի գյուղապետ Դավիթ Դավթյանի խոսքով՝ մայրաքաղաք Ստեփանակերտի համեմատ գյուղերում իրավիճակը մի փոքր լավ է, քանի որ գյուղացիները կարողանում են օգտվել իրենց աճեցրած մրգից եւ բանջարեղենից, սակայն դեղորայքի եւ վառելիքի առումով իրավիճակը ճգնաժամային է։
Գյուղապետի խոսքով՝ գյուղում այլեւս մեքենաներ չեն օգտագործվում վառելիքի սղության պատճառով։ «Մարդիկ ոտքով են հասնում իրենց հեռավոր դաշտերը, այլ հեռավոր այգիները ոտքով են գնում հասնում։ Խոտհարք չենք կարողանում անել, որովհետեւ վառլիք չունենք տեխնիկայի համար, մեծ դաշտերը չորացել են»,- նշեց Դավթյանը։