Եվրոպական խորհրդարանի գերմանացի պատգամավոր Մարտին Զոնեբորնի խոսքով` Բաքվի կողմից Բերձորի ճանապարհի արգելափակման հետևանքով Արցախում ստեղծված իրավիճակն անտանելի եւ անընդունելի է։

Բրյուսելում «Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում Զոնեբորնը ասել է.«Չնայած Եվրախորհրդարանը, Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովը և բազմաթիվ կառավարություններ կոչ են արել Ադրբեջանին բացել Բերձորի ճանապարհը՝ Ադրբեջանը շարունակում է խստացնել շրջափակումը՝ նույնիսկ Կարմիր Խաչի միջազգային կոմիտեին թույլ չտալով մարդասիրական օգնություն տրամադրել։ ՄԱԿ-ի դատական մարմինը՝ Արդարադատության միջազգային դատարանը, իրավաբանորեն պարտադիր կարգով հայտարարեց, որ Բաքուն պետք է դյուրացնի բեռների և մարդկանց անարգել փոխադրումը Բերձորի ճանապարհով։ Մինչ Եվրախորհրդարանը պահանջել էր պատժամիջոցներ կիրառել Բաքվի կառավարության պաշտոնյաների հանդեպ, եթե նրանք չկատարեն դատարանի հրամանը, Եվրոպական Խորհրդի նախագահ Շառլ Միշելը վերջերս ողջունեց Բաքվի իշխանությունների առաջարկը՝ նրանց կողմից մարդասիրական օգնություն տրամադրելու վերաբերյալ: Սա աղետալի ազդանշան է, քանի որ Բաքուն ևս մեկ անգամ պարգևատրվում է միջազգային իրավունքին չհետեւելու համար։ Արդարատատության միջազգային դատարանի պարտավորեցնող հրամանի կատարումը պետք է նախապայման լինի ԵՄ-Ադրբեջան ցանկացած համագործակցության համար»։

Ըստ եվրախորհրդարանականի՝ քանի դեռ Եվրամիությունը ճնշում չի գործադրում Ադրբեջանի վրա դատարանի որոշումը կատարելու հարցում, մեղսակից է Բաքվի իշխանությունների անմարդկային օրակարգին։