Գևորգ Վարդանյանը ծնվել է Գյումրիում։ 6 տարեկանում տեղափոխվել է Ռուսաստանի Դաշնության Ալթայի երկրամաս։ 18 տարեկանում վերադարձել է և պարտադիր զինվորական ծառայության անցել Մարտակերտի շրջանի Թալիշ գյուղում, եղել է ապրիլյան պատերազմի հերոս, ավագ լեյտենանտ Հրաչ Գալստյանի դասակից։ 2015 թվականի սեպտեմբերին ադրբեջանական դիվերսիայի ժամանակ Գևորգը գնդակոծության տակից դուրս է բերել վիրավոր ընկերոջը, որի համար արժանացել էր շնորհակալագրի։

2016 թվականի ապրիլի սկզբին արցախա-ադրբեջանական սահմանի Թալիշի ուղղությամբ ծավալված մարտական գործողությունների ժամանակ Գևորգն ընկերների հետ ոչնչացրել է հակառակորդի դիվերսիոն հետախուզական խումբն ու առաջ շարժվելով՝ հետ գրավել թշնամու գրաված չորս դիրքերը։ Դրանից հետո ինքն ու իր հրամանատար Հրաչ Գալստյանը երկուսով հակառակորդի մեկ տանկ են ոչնչացրել, սակայն հայտնվել են հակառակորդի մեկ այլ տանկի նշանառության տակ։ Գևորգն ու Հրաչ Գալստյանը զոհվել են ապրիլի 4-ին  Թալիշում մղած մարտերի ժամանակ։

Գևորգ Վարդանյանը հետմահու պարգևատրվել է Արցախի նախագահի կողմից՝ «Մարտական ծառայություն», իսկ ՀՀ նախագահի կողմից՝ «Արիության» մեդալներով։