Ըստ ՀՀ արտաքին գործերի նախարարության՝ ՄԱԿ-ի Պարենային Համաշխարհային Ծրագրի գրասենյակների հետ ակտիվորեն քննարկվել են արցախահայության հումանիտար կարիքների լուծման հնարավոր ուղիները:
Բաքվի կողմից Բերձորի ճանապարհի ապօրինի արգելափակման առաջին իսկ օրվանից Հայաստանի արտգործնախարարությունը հետևողական աշխատանքներ է տարել միջազգային կառույցների հետ՝ վերջիններիս մանդատների շրջանակներում ճանապարհի արգելափակումը վերացնելու և Արցախի ժողովրդին հումանիտար աջակցություն ցուցաբերելու նպատակով, «Ազատության» հարցին ի պատասխան՝ փոխանցել են Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունից։
«Ազատությունը», մասնավորապես, հետաքրքրվել էր, թե Հայաստանը որևէ կոնկրետ քայլ ձեռնարկո՞ւմ է Արցախի հայերին օդային ճանապարհով օգնություն հասցնելու համար՝ ՄԱԿ-ի պարենի հարցերով գործակալության կամ ռուս խաղաղապահների միջոցով, քանի որ մեկ ամսից ավելի է Բաքուն արգելում է Բերձորի ճանապարհով Հայաստանից որևէ հումանիտար բեռ տեղափոխել և սննդի խիստ պակաս կա։
Արտգործնախարարությունից նշել են, որ մասնավորապես, ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի թե՛ երևանյան, թե՛ տարածաշրջանային գրասենյակների հետ ակտիվորեն քննարկվել են վերջիններիս իրավասությունների շրջանակներում արցախահայության հումանիտար կարիքների լուծման հնարավոր ուղիները:
Ըստ գերատեսչության՝ հարցը քննարկվել է նաև ապրիլին կայացած ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի Մերձավոր Արևելքի, Հյուսիսային Աֆրիկայի և Արևելյան Եվրոպայի տարածաշրջանային տնօրեն Կորին Ֆլեյշերի՝ Երևան այցի շրջանակներում:
Այս համատեքստում արտաքին քաղաքական գերատեսչությունից շեշտում են՝ Բաքուն շարունակաբար խոչընդոտում է ՄԱԿ գործակալությունների և այլ միջազգային կառույցների մուտքն Արցախ: