Freedom House-ը կոչ է արել Բաքվին թույլ տալ Կարմիր խաչի միջազգային կոմիտեին անհրաժեշտ մարդասիրական օգնություն ցուցաբերել Արցախին։
Թվիթերում կազմակերպությունը նաև կոչ է արել Բաքվին անհապաղ աշխատել ազատ տեղաշարժի ապահովման ուղղությամբ՝ բացելով Բերձորի ճանապարհը և երաշխավորել մարդկանց, տրանսպորտային միջոցների և բեռների անսահմանափակ տեղաշարժը։
«Տարածաշրջանում վատթարացող հումանիտար իրավիճակը քաղաքացիական բնակչությանը զրկել է կյանք փրկող դեղամիջոցներից և առաջին անհրաժեշտության ապրանքներից: Մենք կոչ ենք անում ժողովրդավարական կառավարություններին ճնշում գործադրել Բաքվի վրա՝ հորդորելով վերջ տալ անմեղ քաղաքացիական անձանց կանխամտածված սովամահությանը», — ասված է հայտարարությունում:
Սրան կից կազմակերպությունը տարածել է ԿԽՄԿ երեկվա հայտարարությունը.
Կարմիր խաչի միջազգային կոմիտեն երեկ ահազանգել էր՝ չնայած համառ ջանքերին՝ ներկայում ի վիճակի չէ մարդասիրական օգնություն հասցնել Արցախ՝ ինչպես Բերձորի ճանապարհով, այնպես էլ այլ ուղիներով, ներառյալ՝ Ակնան: Միջազգային կառույցը փաստել էր՝ Արցախի բնակչությունը բախվում է կենսական նշանակության դեղորայքի, առաջին անհրաժեշտության պարագաների, այդ թվում՝ մանկական կաթնախառնուրդի պակասի և հիշեցրել, որ վերջին անգամ կազմակերպությանը թույլատրվել է բժշկական պարագաներ և առաջին անհրաժեշտության պարենային ապրանքներ հասցնել Արցախ մի քանի շաբաթ առաջ։
Բաքուն, ի պատասխան, ԿԽՄԿ-ին հորդորել է «զերծ մնալ այդ մանդատի քաղաքական նպատակների չարաշահումից»:
Արևմտյան Հայաստանի կառավարությունը բազմիցս անդրադարձել է Բաքվի վայրագ քաղաքականությանը, որը առհամարելով միջազգային բոլոր նորմերը, շարունակում է իր ավագ եղբոր՝ թուրքիայի կողմից թելադրվող ցեղասպան և նվաճողական քաղաքականությունը: Միջազգային կառույցներին կոչ ենք անում հետևել Արևմտյան Հայաստանի օրինակին և Բաքվին դատի տալով իր կատարած և կատարվող հանցագործությունների համար, որը ոչ թե քաղաքական այլ իրավական դատապարտման միջոց է, ստիպել ենթարկվել միջազգային իրավական նորմերին: