Գոռ Արշալույսի Աբազյանը ծնվել է 2001 թ. ապրիլի 29-ին ՀՀ Լոռու մարզի Լեռնապատ գյուղում։ 2019 թ.-ին ծառայության է անցել Ջրականում՝ ձեռք բերելով հետախույզի, այնուհետև նաև գնդացրորդի մասնագիտություն: Գոռ Աբազյանի քույրը՝ Գոհարիկ Աբազյանը պատմում է․
«Գոռը սեպտեմբերի 27-ի առավոտյան մեզ զանգեց, ասաց՝ զանգել եմ ձայններդ լսեմ, կարող է այնպես ստացվի, որ էլ չկարողանամ զանգել, էստեղ կռիվ է սկսվել, հենց հարմարեցրի, կզանգեմ:Վերջին զանգը հոկտեմբերի 2-ին է եղել, եղբայրս շատ էր անհանգստանում. թշնամին Ջրականի զորամասը պայթեցրել էր, իսկ ներսում 400 զորակոչիկ է եղել: Ինձ նաև խնդրեց, որ զանգեմ դասընկերոջ ծնողներին, իմանամ՝ տղայից լուր ունե՞ն, որովհետև դասընկերն այդ պայթեցված զորամասից է եղել:Գոռը պատերազմի հենց առաջին օրվանից մարտեր է մղել առաջնագծում, հոկտեմբերի 2-ից լուր չենք ունեցել։ 40 օր լուր չունենալուց հետո մարմինը դատաբժշկական (ԴՆԹ) փորձաքննությամբ հանձնել են մեզ, նոյեմբերի 21-ին, բայց մեր իմացած տվյալներով՝ անմահացել է հոկտեմբերի 4-ին»։
Գոռ Արշալույսի Աբազյանը զոհվել է հոկտեմբերի 4- ին՝ չլքելով մարտական դիրքը և զինակից ընկերներին: