Պոլսում  երիտասարդները, ովքեր վերահսկում էին  քաղաքացիների խոսակցականը, շատ արագ «դուրս եկան վերահսկողությունից»  և հասարակական վայրերում, տրանսպորտում թուրքերեն չխոսող մարդիկ ենթարկվում էին ֆիզիկական հալածանքների, ծեծի, բռնության: Հասարակական վայրերում ազգայնամոլ երիտասարդների իրականացրած վայրագությունների մասին հետաքրքիր է այն ժամանակվա հայտնի լրագրողներից Ջիհադ Բաբանի 1960 թ. «Ուլուս» թերթում հրատարակած հոդվածը, որտեղ նկարագրում է, թե ինչպես երիտասարդները նավում դաժան ծեծի են ենթարկել ազգային փոքրամասնության մի ներկայացուցչի, ով համարձակվել է թուրքերեն չխոսել: Հայտնի լրագրողը արտացոլելով այդ ժամանակվա մթնոլորտը` նշում է. «Այդ ժամանակ նման դեպքեր հաճախ էին տեղի ունենում»: «Հայրենակից, թուրքերեն խոսիր» միջոցառման սկզբնական փուլը տևել է 3 ամիս և թուրքախոսության մակարդակը բարձրացնելուց ավելի շատ մեծացրել է վախի մթնոլորտը փոքրամասնությունների շրջանում: Նկատենք նաև, որ այդ ազգայնամոլական միջոցառումը հետագայում էլի կրկնվել է. թուրք ուսումնասիրող-պատմաբան Այշե Հյուրի կարծիքով «Հայրենակից, թուրքերեն խոսիր»-ի առաջին փուլն արագ վերջացավ, իսկ արդեն 1933 թ. սկսված երկրորդ փուլն ավելի երկար տևեց, որի ժամանակ հարձակումները և ճնշումները ավելի կատաղի էին, ինչի հետևանքով բնիկների ու փոքրամասնությունների ներկայացուցիչները ստիպված էին հրապարակային քայլեր անել: 

Այսպես, այդ ժամանակ Բուրսայի,Տիգրանակերտի, Կիլիկյաի, Անկարայի, Էդիրնեի և Քըրքլարելիի հրեաները իրենց մայրենի կամ «հարազատ լեզու» հռչակեցին թուրքերենը, իրենք իրենց ձեռքով համայնքային կառույցներում կախեցին «Հայրենակից, թուրքերեն խոսիր» պաստառները: Իսկ Պոլսում  բնակվող հայ, հույն, հրեա մի խումբ քաղաքացիներ հայտարարեցին, որ հիմնադրում են «Թուրքերեն լեզվի տարածման միություն» կազմակերպությունը, որի խնդիրներն արդեն անվանումից պարզ էին: