Ուշագրավ է, որ  հալածանքի կիրառման տարում` 1928 թ. Արևմտյան Հայաստանում ապրող ազգությամբ հրեա Ավրաամ Գալանթիի  կողմից հրատարակվել է «Հայրենակից, թուրքերեն խոսիր» վերնագիրը կրող մի գիրք, որն առաջին հայացքից ուսումնասիրողներին և ընթերցողներին մոլորության մեջ է գցում։ Սակայն գրքի առաջին իսկ էջից պարզ է դառնում, որ կրոնական փոքրամասնության ներկայացուցիչ Գալանթին ոչ թե քննադատում է այդ ազգայնամոլական ձեռնարկը, այլ ընդհակառակը, գովերգում է թուրքական իշխանություններին և ինքն էլ կոչ է անում խոսել թուրքերեն ու մոռանալ մայրենին: Այդ գիրքը 1928 թ. տպագրվել է օսմաներեն (արաբատառ), իսկ 2000 թվականին վերածվել է լատինատառի ու տպագրվել հրեա ուսումնասիրող Ռըֆաթ Բալիի առաջաբանով: Ի դեպ, Բալին գրքի առաջաբանում մեղմորեն քննադատելով իր ազգակցին` միևնույն ժամանակ ուշագրավ զուգահեռ է տանում, որ հենց այդ նույն 1928 թվականին Պոլսում տպագրվել է մեկ այլ հրեայի` ազգայնամոլ Թեքին Ալփի «Թուրքացում» վերնագիրը կրող գիրքը, որտեղ կոչ էր արվում և քարոզվում հրեաներին յուրացնել թուրքական մշակույթը և ձուլվել: Ըստ Բալիի, Ավրաամ Գալանթին իր այդ գրքով մի կողմից փորձել է պաշտպանել հրեական համայնքը մամուլի և ազգայնամոլական հասարակության հարձակումներից, ներկայացնել հրեաների թուրքերեն քիչ խոսելու կամ լավ չտիրապետելու պատճառները, իսկ մյուս կողմից` Թեքին Ալփի նման քարոզել Թուրքիայի հրեաներին արագ կերպով յուրացնել և կիրառել թուրքերեն:  Սակայն, Ավրաամ Գալանթին առաջնորդվել է ավելի շատ հրեաների գիտակցված թուրքացնելու գաղափարախոսությամբ քան թե

հրեական համայնքը վտանգներից հեռու պահելու ձգտումով: Բացի այդ, փոքրածավալ այդ գրքում, որը հեռու է գիտականությունից, օբյեկտիվությունից, իսկ երբեմն էլ անգամ տրամաբանությունից, մոլեռանդորեն քարոզվում է Թուրքիայում խոսվող բոլոր լեզուների մոռացում և բացառապես թուրքերենի կիրառում: «Հայրենակից, թուրքերեն խոսիր» ակցիայի, այսպես կոչված, իրավական ձևակերպումը կարող ենք համարել 1937 թ. դեկտեմբերի 27-ին ՀԺԿ պատգամավոր Սաբրի Թոփրաքի խորհրդարանին ներկայացրած օրենքի նախագիծը, որը վերնագրված էր «Ազգային թուրքական լեզվի փոխարեն օտար լեզու կիրառողներին պաժելու մասին», համաձայն որի արգելվում էր հանրային վայրերում, բացի թուրքերենից, այլ լեզու կիրառել: Ըստ այդ նախագծի առաջին հոդվածի, Պոլսի քաղաքացիները, բացի թուրքերենից, այլ լեզուներ կարող էին կիրառել «միայն իրենց տանը», տնից դուրս անգամ ընտանիքի անդամների հետ հաղորդակցվելու ժամանակ մայրենի լեզվի կիրառումը պետք է պատժվեր. «24 ժամից մինչև մեկ շաբաթ ժամանակով, կամ տուգանքով տասը լիրայից մինչև 100 լիրա»: Այս օրենսդրական նախագիծը նաև ենթադրում էր մատնիչների մի հոծ բանակի ստեղծում, որը իշխանություններին կհայտներ «կարգազանցների» մասին: Բացի այդ, օրենքը նախատեսում էր, որ այն անձինք, ովքեր կդապարտվեին այդ հոդվածով, չէին կարող աշխատել որպես ուսուցիչ, դատապաշտպան, լրագրող, նրանց դիպլոմները պետք է չեղյալ համարվեին: Ճիշտ է, այս օրենսդրական նախաձեռնությունը դե յուրե իրավական կարգավիճակ չստացավ, սակայն դե ֆակտո դրա շատ դրույթներ կյանքի կոչվեցին: