Պատերազմի սիմվոլներից դարձած մեր հերոսը  Մնացական Ավետիսյանը պատերազմից առաջ էր մարտական հերթապահության համար դիրք բարձրացել, երբ հակառակորդն Արցախում լայնածավալ պատերազմ սանձազերծեց: Դիտակետից «մարտական կրա՛կ» կանչից հասկացավ՝ թշնամին հարձակվել է:

Մնացական Ավետիսյանի ջոկատից րոպեներ պահանջվեց հրետանին գործի դնել, հսկողությունը ձեռքը վերցնել և հակառակորդին իրավիճակ թելադրել: Մարտկոցի հրամանատարը զինվորներից ոչ մեկին չի մոռանում: Հիշում է, թե ինչպես կրակի թեժ պահին լրագրողներին հանդիպեց: Առաջնագծից ուղարկված ռեպորտաժում խզված ձայնով տղաներն էին ռազմաճակատից ուժ ու ոգի փոխանցում թիկունքին: Մնացական Ավետիսյանը ծնունդով Ապարանից է, հայրը պահեստազորի սպա է: Մնացականն անկեղծանում է՝ մեծացել են հերոսական պայքարին նվիրված երգերով, որոնք ևս ազդել են զինվորականի մասնագիտության ընտրության վրա: Ռազմական համալսարանում սովորեցրել են բոլոր դժվարությունները՝ անգամ ֆիզիկականը հաղթահարել մտքով ու կամքով: