Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը հայտարարություն է տարածել Ադրբեջանի սահմանապահ ծառայողների կողմից Արցախի բնակչին առևանգելու վերաբերյալ՝ շեշտելով, որ Ադրբեջանի այդ գործելակերպը միջազգային հումանիտար իրավունքի աղաղակող խախտում և ռազմական հանցագործություն է։ 

Հայտարարության մեջ մանսավորապես ասվում է.  «Հատկանշական է, որ  Բաքվի իշխանությունների այս գործողությունն իրենից ներկայացնում է երկրի նախագահի կողմից մայիսի 28-ին արված՝ «Բերձորի ճանապարհին անցակետի տեղադրումը Արցախի հայերի համար դաս լինելու, նրանց՝ գլխիկոր ներկայանալու» հայտարարության և շարունակաբար հնչող սպառնալիքների ուղղակի իրականացում, որոնց մասին հայկական կողմը բազմիցս ահազանգել է միջազգային գործընկերներին՝ կոչ անելով դատապարտել այդ և նմանօրինակ այլ հայտարարությունները։ Ադրբեջանի այս գործողությունն անմիջականորեն ի ցույց է դնում, որ Հայաստանի կողմից արդեն իսկ տևական ժամանակ բարձրաձայնվող էթնիկ զտումների վերաբերյալ ահազանգերն արտացոլում են առկա օրհասական վտանգների լրջությունը»:

Հիշեցնենք, որ հուլիսի 29-ին բուժման նպատակով Կարմիր խաչի միջազգային կազմակերպության ուղեկցությամբ Արցախից Հայաստան տեղափոխվող՝ լուրջ առողջական խնդիրներ ունեցող 68-ամյա Վագիֆ Խաչատրյանը Բերձորի ճանապարհին տեղադրված ապօրինի անցակետի մոտ առևանգվել է Ադրբեջանի սահմանապահ ծառայության ներկայացուցիչների կողմից և տեղափոխվել անհայտ ուղղությամբ: Ավելի ուշ Ադրբեջանի գլխավոր դատախազությունը հաղորդագրություն էր տարածել՝ հայտնելոց, որ ադրբեջանցի սահմանապահները նան ձերբակալել ու Բաքու են տեղափոխել։ Վագիֆ Խաչատրյանին Ադրբեջանում շինծու մեղադրանքներ են առաջադրել։