2022 թվականի սեպտեմբեր 13-ը կրկնապատկեց վիշտը, որը չէր սփոփվել դեռ 2 տարի անց: Ադրբեջանական հրոսակախմբի հարձակումները կասեցվեցին՝ շատ հերոսների կյանքի գնով: Մի այդպիսի հերոս էր Արամը՝ քաջ, անկոտրում, հայրենանվեր ու վճռական: Հենց այդ վճռականությամբ էլ առաջ գնաց մահին հանուն հայրենիքի ու ընկավ հերոսի մահով: 

Արամ Էդիկի Մնացականյանը ծնվել է 2002 թվականի օգոստոսի 1-ին Գեղարքունիքի մարզի Վաղաշեն գյուղում ՝ Էդիկ և Նաիրա Մնացականյանների ընտանիքում: Դեռ 12 տարեկանից գնացել է ըմբշամարտի. 8 տարի զբաղվել է սպորտով, մասնակցել մի շարք մրցումների, ցուցաբերել փայլուն արդյունքներ: 2008 -2020 թվականներին սովորում է Վաղաշենի միջնակարգ դպրոցը: Արամի մասին մնացած դպրոցական  հիշողությունները  ու դրվագները միայն դրական էին. բարի, ընկերասեր, մշտապես ժպտերես ու կարեկից Արամը սիրելի էր բոլորի կողմից: Հայրենասիրությունն Արամի մեջ սերմանվել էր դեռ մանկուց. առաջն ուներ պապի հոր՝ Խաչիկ Մնացականյանի հայրեաննվեր օրինակն ու մեծ անունը: Չնայած այն բանին, որ հնարավորություն ուներ ծառայություն անցկացնելու արտերկրում, մշտապես կարևորում էր հայրենիքին անձնվիրաբար ծառայելը:  Արամը ծառայության զորակոչվեց 2021 թվականի փետրվարին Գորիսի զորամասում ՝ մեծ ոգևորությամբ ու մարտական ոգով: Ծնողներն ու ընկերները պատմում են, որ երբեք չի տրտնջացել ծառայությունից, մեծ պատվով տարել բոլոր դժվարությունները: Պատերազմի նախորդ գիշերը խոսել է ընկերների հետ, սակայն սեպտեմբեր 12-ի լույս 13-ի գիշերը կապն ընդհատվել է Արամի հետ: Գումարտակին, ոորտեղ ծառայում էր Արամը, պատերազմը սկսվելուն պես նահանջ հրամանն է տրվել: Սակայն Արամը հրաժարվել է թողնել մարտական ընկերոջն ու նրա հետևից վազել է դիրքեր՝ մինչև վերջ մաքառելով ու ընկնելով հերոսի մահով: Պատմում են՝ դիրքերում, որտեղ կռվում էր Արամը, բոլորը զոհվում են: Արամի զոհվելու լուրը հաստատվում է Սեպտեմբերի 21-ին: Ընդամենը 5 ամիս էր մնացել տուն վերադառնալուն, սակայն Արամն ընկավ՝ հայրենի հողը ավելի հարազատ դարձնելով: