ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հեռախոսազրույցի ընթացքում ընդգծել է Բերձորի ճանապարհով ազատ տեղաշարժի հրատապ անհրաժեշտությունը, ինչպես նաև քննարկել հումանիտար մատակարարումների այլընտրանքային ուղիները։ Այս մասին տեղեկանում ենք ԱՄՆ պետքարտուղարության մամուլի ծառայության հուլիսի 30-ի հաղորդագրությունից։
«Պետքարտուղար Էնթոնի Ջ. Բլինքենը երեկ զրուցել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ՝ խորը մտահոգություն հայտնելով Արցախում հումանիտար իրավիճակի առնչությամբ։ Պետքարտուղար Բլինքենը շեշտել է Բերձորի ճանապարհով առևտրային, հումանիտար և մասնավոր մեքենաների ազատ տարանցման հրատապ անհրաժեշտությունը և ընդգծել փոխզիջման անհրաժեշտությունը այլընտրանքային ուղիների հարցում, որպեսզի մարդասիրական մատակարարումները հասնենԱրցախի բնակչությանը», — նշված է հաղորդագրությունում։
Պետքարտուղարը նաև ընդգծել է, որ բոլոր կողմերը պետք է պահպանեն խաղաղ բանակցությունների հարցում դրական առաջընթացը։
Ալիևի հետ հեռախոսազրույցի մասին Twitter-ի իր էջում առանձին գրառում է կատարել նաև պետքարտուղար Բլինքենը։