Գերմանիայի արտաքին գործերի նախարարությունը, պատասխանելով Գերմանիայում գործող Haypress լրատվականի հարցերին, հայտարարել է, որ Գերմանիայի կառավարությունն աջակցում է Հայաստանի և Բաքվիի միջև տևական խաղաղության հաստատմանն ուղղված ԵՄ ջանքերին․ Դաշնային կառավարությունն այս գործընթացում մշտական կապի մեջ է ինչպես Հայաստանի, այնպես էլ Բաքվիի ներկայացուցիչների հետ։

Haypress լրատվականը Գերմանիայի Արտաքին գործերի նախարարությանը ուղղել է հետևյալ հարցերը․

1․ Արդյոք Գերմանիան ներկա է գտնվել դիվանագետների այցին, որի նպատակն էր ականատես լինել Բաքվիի կողմից մարդասիրական բեռների փոխադրման արգելափակմանը։

2․ Ի՞նչ գործողություններ է ձեռնարկել Գերմանիան այս կապակցությամբ։

Գերմանիայի արտաքին գործերի նախարարության պատասխանում նշված է․

«Դաշնային կառավարությունը աջակցում է Հայաստանի և Բաքվիի միջև տևական խաղաղության հաստատմանն ուղղված ԵՄ ջանքերին։ Դաշնային կառավարությունն այս գործընթացում մշտական կապի մեջ է ինչպես Հայաստանի, այնպես էլ Բաքվի ներկայացուցիչների հետ։ Երևանում Գերմանիայի դեսպանությունն այստեղ տեղում` Հայաստանում, շարունակական կապի մեջ է ինչպես Հայաստանի կառավարության և քաղհասարակության, այնպես էլ Հայաստանում ԵՄ առաքելության հետ։ Արցախի հումանիտար իրավիճակի վերաբերյալ դեսպանությունը կանոնավոր կերպով համագործակցում է Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) հետ, որի միջոցով Արցախի համար նախատեսված հումանիտար աջակցությանը ներգրավման ամենամեծ ծավալները բաժին են ընկնում Գերմանիային։ Գերմանիան աջակցում է Բերձորի ճանապրհով մարդկանց և ապրանքների ազատ տեղաշարժի վերաբերյալ Արդարադատության միջազգային դատարանի որոշմանը, որով պետք է երաշխավորվի Արցախիի բնակչության կենսական կարիքների ապահովումը»։