Մեծ Բրիտանիայի խորհրդարանի Հայաստանի հետ բարեկամության խմբի պատգամավորները երկրի արտաքին գործերի նախարարությանը կոչ են արել դիրքորոշում հայտնել Բաքվի կողմից Արցախում իրականացվող վայրագությունների դեմ։
Խորհրդարանականները նամակ են հղել Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Ջեյմս Քլևերլիին՝ կոչ անելով վերջ տալ կառավարության լռությանը և հանդես գալ Բաքվի կողմից Արցախում ապրող հայ բնակչության դեմ իրականացվող վայրագությունների դեմ։ Պատգամավորները նաև հայտարարություն են տարածել, որում մասնավորապես նշված է․«Արտաքին գործերի նախարարությունն այժմ պետք է դիրքորոշում հայտնի Արցախում Բաքվիի կողմից իրականացվող վայրագությունների դեմ: Հայաստանն ու Արցախը կապող Բերձորի ճանապարհը ապօրինաբար փակվել է Բաքվի կողմից 2022 թվականի դեկտեմբերին՝ ուղղակիորեն խախտելով նոյեմբերին կնքված հրադադարի հայտարարությունը։ Այդ ժամանակից ի վեր գրեթե բոլոր տեղաշարժերն ու կենսական մատակարարումները դադարեցվել են, ինչը հանգեցնում է հումանիտար ճգնաժամի վատթարացման՝ վտանգելով հազարավոր կյանքեր: Բազմաթիվ հասարակական կազմակերպություններ լուրջ մտահոգություններ են բարձրացրել զարգացող հումանիտար ճգնաժամի վերաբերյալ և խնդրել են ամբողջ աշխարհի կառավարություններին ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ դադարեցնելու շրջափակումը: Amnesty International-ը Ադրբեջանին մեղադրել է մարդու իրավունքների ոլորտում իր պարտավորությունները չկատարելու մեջ: ԵՄ-ն, Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը և եվրոպական շատ երկրներ խստորեն դատապարտել են Բաքվի գործողությունները և կոչ են արել անհապաղ վերացնել շրջափակումը: Միացյալ Թագավորություն-Հայաստանի Հանրապետություն բարեկամության խումբը խնդրում է Մեծ Բրիտանիայի արտգործնախարարին անել նույնը և հասկացնել, որ Ադրբեջանի գործողությունների համար հետևանքներ կլինեն, եթե նա հիմա չգործի»։