Ազգագրական պարերի մասնագետ, հասարակական գործիչ, կիբեռնետիկ, առաջին արցախյան պատերազմի մասնակից Գագիկ Գինոսյանը ծնվել է 1966 թվականի օգոստոսի 3-ին Ջավախքի Ախալցխա քաղաքում։ Սերում է Արևմտյան Հայաստանի Կարին քաղաքից մի քանի կիլոմետր հյուսիս-արևմուտք գտնվող Եղեգիսից, ուր հաստատված է եղել Գինոսենց տոհմը։

1972-1982 թվականներին սովորել է Ախալցխայի №3 հայկական միջնակարգ դպրոցում։ Ընդունվել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտի «Տեխնիկական կիբեռնետիկա» ֆակուլտետի «Ավտոմատիկա և հեռուստամեխանիկա» բաժինը և ավարտել 1990 թվականին։

Երկար տարիներ պարում է «Վան» և «Ակունք» ազգագրական պարի համույթներում։ Զբաղվել է բանահավաքչությամբ։ Հիմնադրել է «Կարին» ավանդական երգի-պարի խումբը։ 1995-1996 թվականների ընթացքում ավարտել է Խորհրդային Միության Մարշալ Շապոշնիկովի անվան «Վիստրել» Բարձրագույն Սպայական Դասընթացը՝ ստանալով «Գնդի և Բրիգադի հրամանատարի» որակավորում։

Եղել է Լեոնիդ Ազգալդյանի հրամանատարությամբ գործող «Ազատագրական բանակ» ջոկատի ռազմիկ, ապա 1992 թվականի օգոստոսին ընդգրկվել է «Արծիվ մահապարտներ» հատուկ նշանակության գումարտակում։ Գագիկ Գինոսյանը տարբեր տարիների արժանացել է ՀՀ պետական, գերատեսչական և այլ կարգի մեդալների։

Արևմտյան Հայաստանի կառավարությունը շնորհավորում է Գագիկ Գինոսյանին՝ ցանկանալով ամենայն բարիք։